168.am-ը գրում է․
Ադրբեջանը շարունակում է հնարավոր սադրանքի հիմքեր ստեղծել, այսինքն՝ հստակ ցույց է տալիս՝ պատերազմի է պատրաստվում: Եվ այսպես:
Ադրբեջանական caliber.az-ը հերթական հոդվածն է հրապարակել իբր ռազմական նպատակներով Հայաստան թռիչքներ կատարած ամերիկյան ինքնաթիռների հետ կապված, ինչին 168.am-ն անդրադարձել է իր վերլուծականում:
Այս անգամ ադրբեջանական կայքը փորձում է ապացուցել, որ «ԱՄՆ ռազմական բեռն ու անձնակազմը «Զվարթնոց» օդանավակայանից հասցվել է ՀՀ ՊՆ 513-րդ երևանամերձ առանձին բատալիոն»:
Չնայած ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը, որ զորավարժությունից հետո ԱՄՆ ամբողջ ռազմական տեխնիկան և անձնակազմը լքել են Հայաստանը, Ադրբեջանը պնդում է, որ հուլիսի 14-24-ը Հայաստանում անցկացված «Արծիվ գործընկեր-2024» համատեղ զորավարժությունները և օգոստոսի 2-3-ին ԱՄՆ 2 ռազմական ինքնաթիռի Հայաստան գալը տարբեր «քեյսեր» են: Իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունը դեռ լռում է:
Նշենք, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից դուրս են եկել հուլիսի վերջին: Նրանք «Զվարթնոց»-ում տեղակայվել էին 1992 թվականից։
Իսկ ադրբեջանական քարոզչական կայքն այնուհետև Ադրբեջանի նախագահի շուրթերով սպառնում է. «Հայաստանն այսօր չունի ռազմավարական այն խորությունը, որը թույլ կտա՝ նման «սադրանքները» (չակերտները.- Մ.Պ.) մնան անպատասխան: Եվ եթե տեսնենք, որ Հայաստանին զինելը կրիտիկական մակարդակի է հասել, մեզնից թող ոչ ոք չնեղանա»:
Ավելին՝ մեկ այլ հոդվածով Ադրբեջանը Հայաստանին է մեղադրում պատերազմի պատրաստվելու մեջ՝ վկայակոչելով Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտի զեկույցը, ըստ որի՝ ՀՀ տնտեսությունում ռազմական ծախսերը 4.2 տոկոս են, երբ Ադրբեջանինը 3.8 է:
Եվ ոչինչ, որ Հայաստանի և Ադրբեջանի ուժային բալանսը վաղուց է խախտվել, և համեմատելու եզրեր չկան: Իսկ Հայաստանին ռազմականացման մեջ մեղադրող այս օրերին դարձյալ Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը հանդիպել է Թուրքիայի ռազմաարդյունաբերական առաջատար ընկերությունների (TUSAŞ, ASFAT, HAVELSAN, ROKETSAN, BAYKAR, Makina ve Kimya Endüstri, REPKON Grup, ASELSAN) ներկայացուցիչների հետ:
Այս ամենի ֆոնին ադրբեջանական Minval.az-ն էլ, ըստ էության, փոխանցել է Ալիևի հիշեցումը՝ ««Զանգեզուրի միջանցքը» եղել և մնում է Հայաստանի հետ բանակցային սխեմայի առանցքային կետը, ոչ մի նահանջ այս հարցում չի կարող լինել»: Այսինքն, Հայաստանը չպետք է դիվանագիտական հաղթանակ տոնի:
Ավելին, կեսկատակ-կեսլուրջ ադրբեջանական լրատվամիջոցը նշել է, թե Ադրբեջանի առաջին դեմքերից պաշտոնական նման հայտարարություն չի եղել:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի՝ «Ազատության» տարածաշրջանային թղթակից Ջոշ Կուչերային տված հարցազրույցում արած գաղտնազերծումը ստուգողական կրակոց էր, իսկ ադրբեջանական կայքն ընդամենը զգուշացնում է հետագա վտանգների մասին:
Եվ երկու դեպքում էլ, ըստ էության, Ադրբեջանի նախագահի շուրթերով:
Իսկ Նիկոլ Փաշինյանը հեծանիվ է քշում, ինչն արդեն սկսել են Ադրբեջանում ծաղրել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը