«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը աղմկահարույց տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Ադրբեջանը պահանջում է Հայաստանից՝ հրաժարվել իր դեմ ներկայացրած բոլոր հայցերից.
«Դիվանագիտական շրջանակի մեր աղբյուրները հայտնում են, որ Ադրբեջանի կողմից ստացված խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթում Ալիևի վարչակազմը պահանջում է, որպեսզի Հայաստանը հրաժարվի միջազգային տարբեր ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված բոլոր հայցերից:
Դիվանագիտական շրջանակի մեր աղբյուրները պնդում են, որ Փաշինյանի կառավարությունը տրամադրված է բավարարելու Ալիևի նաև այս պահանջները», – գրել էր տելեգրամյան ալիքը:
ArmLur.am-ը դիմեց ՀՀ ԱԳՆ՝ պաշտոնական մեկնաբանություն ստանալու՝ արդյոք խաղաղության պայմանագրում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու պահանջ կա՞, եթե այո, ապա Հայաստանը պատրաստվու՞մ է կատարել դա։
ՀՀ ԱԳՆ-ից, սակայն, հղում արեցին ավելի վաղ՝ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանի արված հայտարարությանը, որում ասվում էր․ «Նման որոշում այս պահին չկա, որևէ գործընթաց այս առումով չի իրականացվում»:
ԱԳՆ-ն հավելյալ մեկնաբանություն չուներ:
Ստացվում է, որ ամենևին բացառված չէ այդ հեռանկարը, ինչն էլ իր հերթին նշանակում է նաև, որ հայ գերիների հարցով, որոնք խոշտանգվել ու խոշտանգվում են Ադրբեջանի բանտերում, ՀՀ-ն միջազգային գանգատ չի ներկայացնի»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը