«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մի առիթով նկատել է, որ Փաշինյանի գլխավորած իշխանությունը թշնամի է համարում Արցախը, Սփյուռքը, Հայ առաքելական եկեղեցին: Սկզբունքորեն դժվար է չհամաձայնել սրբազանի հետ: Մի վերապահումով՝ այս իշխանությունը ատում է նաև Հայաստանն ու հայերին ընդհանրապես: Դրա վկայությունն են նրանց ամենօրյա քայլերը, որոնք ուղղված են Հայաստանը թուլացնելուն, հայ ժողովրդի իմունիտետը զրոյացնելուն, նաև այն բոլոր արհամարհական արտահայտությունները, որ նրանք անում են իրենց ընդդիմացող հայ ժողովրդի հասցեին:
Այն, որ Փաշինյանն ատում է Արցախն ու արցախցիներին, նորություն չէ: Բայց հարցը նույնիսկ դա չէ, այլ դրա հետևանքները, այն է՝ նա մեծ հաճույքով Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս: Երեկ նույնիսկ նշեց, թե իր մեղքն այն է, որ դա ավելի շուտ չի հայտարարել: Այնինչ, այս առումով ևս նրա դիրքորոշումը նորություն չէ. իրականում նա շատ վաղուց էր Արցախը հայտարարում ադրբեջանական և դրա մասին հրապարակավ արտահայտվում: Ահավասիկ մի նման նմուշ անցյալից, մասնավորապես, 1999 թվականից: Դեռևս թերթի խմբագիր Փաշինյանը հայտարարում էր, որ Ղարաբաղը ադրբեջանական է, իսկ ղարաբաղցիներն էլ Հայաստանում կարող են միայն փախստական համարվել:
Բայց վերադառնանք Շիրակի թեմի առաջնորդի տեսակետի հետ մեր փոքրիկ «վերապահմանը», այն է՝ Փաշինյանը և նրա շուրջ հավաքվածները ատում են ոչ միայն Արցախը, նրանք ատում են Հայաստանը, հայերին: Նրանք ոչ միայն Արցախը, Եկեղեցին կամ Սփյուռքն են թշնամի համարում ու ատում, այլև թշնամաբար են տրամադրված ամենայն հայկականի, ազգայինի հանդեպ: Ամեն հայկական, ազգային բան նրանց համար կա՛մ ծաղրի առարկա է, կա՛մ թունոտ թիրախավորումների, կա՛մ ուղղակի ոչնչացման: Ու հետևողականորեն ոչնչացնում են՝ լինի դա բանակ, կրթական համակարգ, արժեհամակարգ, պատմություն, երգ-երաժշտություն, բնակավայր, երկրամաս, մարդ, մասնագիտական խումբ:
Ու նկատենք. նրանք դա չեն էլ թաքցրել: Նրանք դա ցույց էին տալիս: Կհիշեք, նախաթավիշային ժամանակներում, մասնավորապես, 2010-2018-ի միջակայքում օտարերկրյա փողերով անցկացվող այն ակցիաները, որոնց ակտիվիստների պլակատներին գրված էր. «Ո՛չ ազգ, ո՛չ բանակ, ո՛չ պետություն, ո՛չ ընտանիք...»: Հենց նրանք էլ եկան իշխանության 2018-ին, ու 6 տարի անց ունենք ողնաշարը ջարդած բանակ, կանգնած ենք պետության կորստի շեմին, ընտանեկան, ազգային արժեքները ոտնահարվում են ամենօրյա ռեժիմով: Այ, այս հարցում նրանք սկզբունքային են՝ իրենց տարիների ցանկություններն ու նպատակները հստակ, հետևողականորեն, ծրագրավորված իրականացրել են»:
Առավել մանրամասն թերթի այսօրվահամարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը