30 05 2024

Վահե Ղազարյանը հեռանո՞ւմ է համակարգից․ «Հրապարակ»

Վահե Ղազարյանը հեռանո՞ւմ է համակարգից․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՆԳ նախարար Վահե Ղազարյանի փոխարեն երեկ ԱԺ բյուջետային քննարկումներին ներկայացած փոխնախարար Արփինե Սարգսյանին հարցրինք՝ ինքը ՆԳՆ շենքի՞ց է եկել խորհրդարան, եթե այո, ապա ինչպե՞ս է ճեղքել սրբազան պայքարի մասնակիցների շարքերը, որոնք վաղ առավոտից շրջափակել էին ՆԳՆ շենքը և Վահե Ղազարյանի հետ հանդիպում էին պահանջում։ Ի դեպ, հենց այդ պատճառով էլ ՆԳ նախարարը չեկավ խորհրդարան, թեև նախապես ծրագրված էր, որ համակարգի ղեկավարն է ներկայացնելու իրենց հաշվետվությունը: Արփինե Սարգսյանը պատասխանեց, որ ՆԳ շենքից է դուրս եկել: Ինչպե՞ս` հետնամուտքո՞վ։ «Հետնամուտք չկա, մի մուտք է»,- փոխնախարարի փոխարեն պատասխանեց նրան ուղեկցող պաշտոնյան։

Իրականում փոխնախարարը հետնամուտքից է դուրս եկել, և դա է պատճառը, որ նրան ոչ մեկը չի նկատել: Նույնկերպ կարող էր վարվել նաև նախարար Վահե Ղազարյանը, սակայն նա նախընտրել է այդ պատրվակով ԱԺ չգալ: Կա՛մ իսկապես նրա օրերը հաշված են, և նա հեռանում է համակարգից, կա՛մ իսկապես որոշակի ապրումներ ունի վերջին իրադարձությունների, իր հայրենի Տավուշից հող հանձնելու կապակցությամբ: Ըստ որոշ լուրերի, նա մի քանի անգամ ցանկացել է դիմում գրել հեռանալ, Փաշինյանի հորդորով հետ է կանգնել մտադրությունից։ Սակայն լուրեր կան, որ Փաշինյանն էլ է հակված նրան փոխարինելու, անգամ ապագա պաշտոնն են նշում` Պետական պահպանության ծառայության ղեկավար, ինչը պաշտոնաթող անելուն համազոր է: Հայտնի է, որ ոստիկանական բռնի գործողությունները համակարգում են ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը, ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը և ներքին զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը։

Ճի՞շտ է, որ Դուք եք համակարգում հակաիշխանական ցույցերի մասնակիցների դեմ վայրագությունները. այս հարցին Սարգսյանը նետեց` ստահոդ լուրերին չեմ պատասխանում։ Ի՞նչն է ստահոդ, որ Դո՞ւք եք ղեկավարում, թե՞ որ վայրագություններ չկան: Հարցը մնաց անարձագանք»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ