«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները հեռացել են` «մեռած-չթաղված» վիճակում։ Մեր տեղեկություններով գերլարված քննարկում է ծավալվել կողմերի միջեւ։ Բացի այն, որ Փաշինյանը դիմել է ավանդական շանտաժին եւ տավուշցիներին սպառնացել պատերազմով, ասելով՝ եթե սահմանազատման-սահմանագծման գործընթացը չիրականանա, ապա Ադրբեջանը պատերազմ է սկսելու Հայաստանի դեմ:
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները, հաստատվելով մեր բնակավայրերի կողքին, հետագայում ավելին չեն պահանջի, չեն փորձի առաջ գալ: Հարցրել են՝ տալի՞ս է ինքը նման երաշխիք, որ այլեւս նոր պահանջներ չեն ներկայացնի, քանի որ «ախորժակն ուտելիս է բացվում»։ Նիկոլ Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող նման երաշխիքներ տալ, իսկ եթե իրադարձությունները զարգանան այդ սցենարով, ապա պետք է ժամանակ շահենք, հասկացնելով, որ ամեն կերպ ուզում է խուսափել պատերազմից եւ չգիտի, թե որն է դրա իրական գինը։
Ինչպես հայտնի է՝ Փաշինյանի ստորագրությամբ օրեր առաջ հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովին կից 2 աշխատանքային խումբ ստեղծելու որոշում կայացվեց, որի կազմում են ոչ միայն Փաշինյանի հլու-հնազանդ ուժայինների ներկայացուցիչները, քավորը՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, այլեւ Նոյեմբերյան համայնքի, Ոսկեպար, Բերքաբեր, Կիրանց բնակավայրերի վարչական ղեկավարները, որոնք նախօրեին հրավիրվել էին կառավարություն՝ հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի հայաստանյան կազմի ղեկավար Մհեր Գրիգորյանի հետ քննարկման։ Կառավարություն էին այցելել նաեւ նշված համայնքների վարչական ղեկավարները, ինչպես նաեւ Նոյեմբերյանի փոխքաղաքապետ Մհեր Աղամյանը, քանի որ համայնքապետը ԱՄՆ-ում է։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո կազմակերպվել է նաև հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, որն, ինչպես նշեցինք, անցել է լարված մթնոլորտում:
Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Մհեր Գրիգորյանը, Սուրեն Պապիկյանը, ԱԱԾ տնօրենը, ՆԳ նախարարը։ Համայնքապետերն առաջարկել են հայ-ադրբեջանական սահմանի ամբողջական սահմանազատում իրականացնել՝ համաչափության սկզբունքով, որի արդյունքում ադրբեջանցիներն էլ դուրս գան հայկական տարածքներից, որոնք օկուպացրել են տարբեր ժամանակներում: Այսինքն` մերը մեզ, իրենցը` իրենց սկզբունքով, սակայն Փաշինյանն ասել է, որ այս պահին նման հնարավորություն չկա, Ադրբեջանի համար դա ընդունելի տարբերակ չէ։
«Փաշինյանի հետ հանդիպումից հետո հասկացել ենք՝ վտանգ է ստեղծվում մեզ համար», ասաց Նոյեմբերյանի փոխքաղաքապետը՝ չցանկանալով ավելին մանրամասնել: «Մենք դա համարել ենք միակողմանի զիջումներ ու այլեւս չենք մասնակցելու այդ բանակցություններին, այդ գործընթացին», ավելացրեց նա։
Նշենք, որ վարչական ղեկավարները աշխատանքային խմբի աշխատանքներին այսուհետ չմասնակցելու որոշում են կայացրել: Երեկ Նոյեմբերյանի համայնքապետարանը նաեւ հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ Նոյեմբերյան համայնքի Բաղանիս, Ոսկեպար գյուղերի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները պարունակում են ծայրահեղ վտանգավոր ռիսկեր։
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։ Մենք աջակցում ենք խաղաղության հաստատմանը, սակայն սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է, այն պարագայում, երբ ադրբեջանական զինուժը Հայաստանի Հանրապետության բազմաթիվ տարածքներ շարունակում է պահել օկուպացված, այդ թվում Տավուշի մարզում»։
Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը մեզ վստահեցրեց՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հույսը չի կորցրել ու պայքարելու է մինչեւ վերջ.․«Էն ինչ որ որոշել ա` անելու ա, էդ ասեց, ես էլ ավել բան չեմ ուզում ասեմ»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը