«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստը» նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել էր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված և 2023 թ.-ի ընթացքում անցկացված հոբել յանական միջոցառումներին տրամադրված ֆինանսական միջոցների բաշխվածությանը: Այս առումով ուշադրության է արժանի գումարների տրամադրման անհամաչափությունը, որի հետ կապված ներկայացնում ենք մի քանի փաստ:
Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցների առյուծի բաժինը «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ինն է: «Փաստի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՊՈԱԿ-ից տեղեկացրել են, որ հատկացված 244 մլն 431 հազար դրամի (Խաչատրյանի 120-ամյակին ուղղված պետական ֆինանսավորման ավելի քան 50 տոկոսը) շրջանակներում կյանքի է կոչվել «Արամ Խաչատրյան-120» հոբելյանական ծրագրի միջոցառումների բրենդավորման, լուսաբանման և գովազդատեղեկատվական արշավի իրականացման ծրագիրը (25,4 մլն դրամ), տեղի է ունեցել «Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնը (42 մլն դրամ), նվագախումբը հյուրախաղերի է մեկնել Հունաստան, Կանադա, ԱՄՆ (177մլն դրամ):
Գրությունից պարզ է դառնում, որ ինչ ծրագիր «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարությանը, բոլորը հավանության են արժանացել և ֆինանսավորվել են։
Նույնը չես ասի, օրինակ՝ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի մասին։ Վերջինիս ուղարկված հարցմամբ «Փաստը» պարզել է, որ հիմնադրամը հինգ ծրագրի ֆինանսավորման համար դիմել էր ԿԳՄՍ նախարարությանը, սակայն հավանության է արժանացել միայն ֆրանսիական «Մեցցո» հեռուստաընկերության կողմից Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված վավերագրական ֆիլմի պատրաստումն ու հեռարձակումը. այդ նպատակով նախարարությունը հիմնադրամին տրամադրել է ընդամենը 15 մլն դրամ: Հիմնադրամի ֆինանսավորման չարժանացած ծրագրերն էին՝ «Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հանդիսավոր բացման արարողություն», «Խաչատրյանական գույներ», Արամ Խաչատրյանի մասին անդրադարձներ հեղինակավոր «Եվրոնյուզի» եթերում, Արհեստական բանականությամբ ջութակի մրցույթ: Ընդհանուր առմամբ, հիմնադրամին հատկացվել է 74 մլն դրամ, որից 39 մլն դրամը հատկացվել է Երևանում անցկացվող Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին, որի պետական ֆինանսավորումն ամենամյա է:
Նույնը վերաբերում է նաև Արամ Խաչատրյանի միջազգային փառատոնին, որի համար հիմնադրամին հատկացված ընդհանուր բյուջեից տրամադրվել է 20 մլն դրամ: Ի դեպ, հիմնադրամը 2023 թ. դեկտեմբերին Արամ Խաչատրյանի անվան ջութակահարների մրցույթը կազմակերպել է նաև Չինաստանում, որին մասնակցել է նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Մրցույթն անցկացվել է Պեկինի ազգային օպերային թատրոնում։ Այդ նախագիծը իրագործելու համար հիմնադրամը չի էլ դիմել պետական աջակցությանը:
Ֆինանսավորմամբ երկրորդ տեղում է «Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ը, որին հատկացվել է 111 մլն դրամ՝ Վրաստանում և Ֆրանսիայում հյուրախաղերի կազմակերպման համար:
Համեմատության համար նշենք, որ, օրինակ՝ «Արամ Խաչատրյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ին տրամադրվել է 21 մլն 245,6 հազար դրամ: Այդ գումարով «Արամ Խաչատրյան» եռյակի մասնակցությամբ կազմակերպվել են միջոցառումներ Ուրուգվայում, Արգենտինայում, Ռուսաստանում և Իտալիայում, ինչպես նաև վերահրատարակվել է Խաչատրյանի ստեղծագործությունների նոտային գրականությունը:
Այս պարագայում հետաքրքրական է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը որպես ֆինանսավորում 48 մլն դրամ է ստացել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգների կազմակերպման համար։ Սակայն նվագախմբի՝ «Փաստին» ուղղված պատասխանից պարզ է դառնում, որ նվագախումբը դիմել է նախարարությանը 98,6 մլն դրամի ֆինանսավորման համար, սակայն ֆինանսավորում է ստացել 48,3 մլն դրամ, որն ուղղվել է նվագախմբի 14 օրվա օրապահիկների հատկացմանը։
Այս ամենից, բնականաբար, հարցեր են առաջանում, թե ի՞նչ սկզբունքով է նախարարությունը տրամադրում ֆինանսավորում, քանզի այնպիսի տպավորություն է, որ գործում է մեկին՝ ամեն ինչ, մյուսին գրեթե ոչինչ սկզբունքը, կամ, ինչպես Ֆրիկն է գրել՝ «մեկին՝ հազար ձի ու ջորի, մեկին՝ ոչ ուլ մի, ոչ մաքի»: Օրինակ՝ արդյունավետության համար առավել առաջնահերթ չէր լինի՞, ենթադրենք, հավանություն տալ մի նախագծի, որի շնորհիվ տարվա կտրվածքով «Եվրոնյուզի» եթերում պարբերաբար անդրադարձներ կկատարվին հայ մեծանուն կոմպոզիտորին: Իսկ միգուցե կա ա՞յլ հետաքրքրություն այս ամեն ինչի մեջ։ Կամ՝ գուցե նորից գործում է յուրայիններին՝ ամեն ինչ, իսկ այլոց՝ գրեթե ոչինչ սկզբո՞ւնքը։ Մի խոսքով, հարցերը շատ են, պատասխաններ չկան»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը