«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ Սահմանադրությունը նախանշում է, որ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: Մասնավորապես, Սահմանադրության 7-րդ գլխի դրույթների համաձայն, արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ եռաստիճան դատական համակարգի միջոցով, և որպես այդ գործառույթի անարգել իրականացման երաշխավոր՝ հանդես է գալիս ԲԴԽ-ն: Բայց Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք դատական համակարգի անկախությունը լիովին դրվեց հարվածի տակ։ Սուպերվարչապետական համակարգի պայմաններում նա փորձում է հաղթահարել իշխանության թևերի փոխզսպումների մեխանիզմը և ջանք չի խնայում դատական համակարգը քաղաքականացնելու ուղղությամբ։
Ուստի, պատահական չեն այն դեպքերը, երբ այն դատավորները, որոնց որոշումները չեն բխում իշխանությունների շահերից, անմիջապես ճնշումների տակ են հայտնվում։ Ու այդ ճնշումներն իրականացվում են ամենատարբեր գործիքակազմով։ Սակայն շատ ավելի ուշագրավ է, որ այդ ճանապարհին կարևորագույն դերակատարություն է ստանձնել «անկախ» Բարձրագույն դատական խորհուրդը, որը շեղվել է իր առաքելությունից ու արդյունքում ոչ թե երաշխավորում է դատավորների ու դատարանների անկախությունը, այլ մահակի դերակատարություն է ստանձնել, որ դատարաններն ու դատավորները գործեն իշխանությունների քիմքին հաճելի կերպով։ Նշված խնդիրը լավագույն կերպով իրականացնելու նպատակով իշխանական թիմի կարկառուն ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը նշանակվեց ԲԴԽ նախագահ։ Ու այս ճանապարհին ԲԴԽ-ն սկսել է երևալ Հռոմի պապից ավելի կաթոլիկ կամ իշխանություններից ավելի իշխանական։
Օրինակ՝ վերջերս ԲԴԽ-ն պաշտոնապես պարզաբանում էր տարածել, որով հանրությանը ջանում էր բացատրել, թե ինչու է դատարանը որոշել կալանքի տակ պահել Արմեն Աշոտյանին: Ինչ խոսք, սա եզակի դեպք էր, քանի որ այդպիսի ջանասիրությամբ ԲԴԽ-ն չի անդրադառնում մյուս գործերին։ Հասկանալի է, որ Աշոտյանի գործը քաղաքական ենթատեքստ ունի, իշխանությունների համար շատ մեծ կարևորություն ունի նրան «փակի տակ» պահելը, դրա համար էլ ԲԴԽ-ն հատուկ հսկողություն է հաստատել, որ ոչինչ չշեղվի իշխանությունների գծած ճանապարհից, ու Աշոտյանը չհայտնվի ազատության մեջ։ Ավելին, ուշագրավ է, որ ԲԴԽ-ն այս հայտարարությունն արել էր այն պայմաններում, երբ դատավարության այլ մասնակիցներ, մասնավորաբար Աշոտյանի պաշտպանական թիմը, դատարանի որոշումը չէին ստացել: Պատահական չէին հարցադրումները, թե ով էր ում ուղարկել որոշումը՝ դատարանը՝ ԲԴԽ-ի՞ն, թե՞ ԲԴԽ-ն՝ դատարանին՝ սոսկ ստորագրելու համար: Բայց ԲԴԽ-ն սրանով չի բավարարվում և ավելի հեռուն է գնում։ Այս կառույցը վերջերս իր էջում տեսանյութ էր տարածել, որը վերաբերում էր «ամենահայտնի քրեական գործերին»։
Ըստ այդմ, տեսանյութում, շրջանցելով օրենքով նախատեսված հատուկ ընթացակարգերը, դատական կոնկրետ գործերի վերաբերյալ ինչ-որ անհասկանալի հետազոտությունների հիման վրա որոշ դատավորներ հռչակվում են մեղավոր, իսկ այլ դատավորներ` արդարացված: Ու հետաքրքրականն այն է, որ տեսանյութում իրականացված հետազոտությունն իրականացվել է ոչ թե ընդհանուր բոլոր գործերով, այլ միայն քաղաքական իշխանությանն ընդդիմադիր գործիչների վերաբերյալ գործերի հետ կապված։ Միաժամանակ դրանում դատափետվում են իշխանությունների համար ոչ հաճո որոշումներ կայացրած դատավորները, իսկ իշխ ա նու թյան պաշտ պ ա նու թ յ ա ն տ ա կ գտնվող դատավորները՝ գովեստի արժանանում։ Այդպիսով Կարեն Անդրեասյանի ղեկավարած հիմնարկը կոնկրետ գործերով զգուշացումներ է հղում ոչ ցանկալի դատավորներին։ Իսկ սա ոչ այլ ինչ է, քան ակնհայտ միջամտություն կոնկրետ գործերով դատական վարույթներին ու դատավորների լիազորություններին:
Հետաքրքրական է, որ ԲԴԽ-ն նախաձեռնել է այս տեսանյութի տարածումն իր էջում, բայց միաժամանակ փորձել իր համար ալիբի ստեղծել, թե իբր դրա հեղինակը Դատական դեպարտամենտն է: Բայց եթե այն միայն Դատական դեպարտամենտի նախաձեռնությունն էր, ինչո՞ւ է իր էջում տեղադրելուց հետո ԲԴԽ-ն մի հատ էլ պարզաբանում տարածում այս տեսանյութի հետ կապված՝ հանդես գալով դրանում ամփոփված բոլոր դրվագների ամբողջական պաշտպանությամբ։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել, որ տեսանյութում հնչող դիտարկումները կոնկրետ ուղենիշներ են սահմանում նաև այլ դատավորների համար, թե նմանատիպ քաղաքական գործերի դեպքում ինչպես պետք է առաջնորդվեն, որ տույժերի չենթարկվեն։ Փաստացի, ԲԴԽ-ն ոչ միայն շեղվել է իր բուն գործառույթից, այլև զբաղված է իրեն ու ողջ դատական համակարգը վերջնականապես հեղինակազրկելով ու, ինչպես շատ փաստաբաններ են ասում, դարձել է իշխանություններին ծառայություններ մատուցող գրասենյակ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը