«Հրապարակ» թերթը գրում է.
«Օրերս վարչական դատարանը բավարարեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, դաշնակցական Մուրադ Փափազյանի հայցն ընդդեմ ԱԱԾ-ի։ Փափազյանը պահանջել էր իր անունը հանել Հայաստանի համար անցանկալի անձանց տվյալների բանկից։ Հիշեցնենք, որ մոտ 2 տարի առաջ Փափազյանը, գալով Հայաստան, օդանավակայանում պարզել էր, որ չի կարող մուտք գործել հայրենիք, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի կամքով Հայաստանում «պերսոնա նոն գրատա» է ճանաչվել։ Երեկ մենք զրուցեցինք Մուրադ Փափազյանի հետ։
- Պարոն Փափազյան, մոտ ապագայում պլանավորո՞ւմ եք գալ Հայաստան։
- Երբ որ որոշումը հաստատվի․․․, գիտեք, որ ԱԱԾ-ն մեկ ամիս ունի՝ որոշումը բողոքարկելու համար, այդ 1 ամիսը կավարտվի փետրվարի 22-ին, եւ իմ հույսն է, որ ԱԱԾ-ն չի բողոքարկի դատարանի որոշումը։ Եթե չբողոքարկի, ապա մարտի կեսերին ես Հայաստան կգամ, անշուշտ։
- Դատարանի այս վճիռն անակնկա՞լ էր Ձեզ համար, թե՞ գիտեիք, որ պետք է բավարարի Ձեր հայցը։
- Իրականության մեջ բոլորը շատ լավ գիտեին, որ այդ «պատիժը» հիմնված էր քաղաքական պատճառների վրա։ Որեւէ իրավական հիմք չուներ այդ որոշումը, այդ դեպքում դատարանն ի՞նչ պիտի որոշեր` եթե 18 ամսվա ընթացքում ԱԱԾ-ն չբերեց որեւէ պատճառ, չպատասխանեց դատարանին եւ դատավորի պահանջներին, որ բերի գոնե մի պատճառ։ Հետեւաբար, դատարանն ուղղակի ստիպված էր նման որոշում կայացնել։ Ես վստահություն ունեի Հայաստանի արդարադատության վրա եւ տարբեր դատավորների վրա, որովհետեւ եթե շինծու պատճառներ ներկայացներ ԱԱԾ-ն, ու դատարանն ընդուներ այդ շինծու պատճառները, ապա կնշանակեր, որ միջազգային գետնի վրա Հայաստանն իսկապես կսեւանար։ Ես կուզեմ ողջունել դատարանի որոշումը, քանի որ այդ որոշումը հարգում է ժողովրդավարական սկզբունքները եւ ցույց կտա, որ արդարադատությունը կրնա անկախ ըլլալ Հայաստանի մեջ, եւ սա լավ նշան է ապագայի համար։
- Այս ընթացքում Ֆրանսիայի կառավարությունը Ձեզ աջակցե՞լ է, մենք գիտենք, որ Դուք եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտերիմ հարաբերություններ ունեք։
- Չեմ ուզում ասել, որ օգնեցին, որովհետեւ Ֆրանսիան չի խառվում Հայաստանի ներքին հարցերին, բայց լինելով Ֆրանսիայի քաղաքացի, անշուշտ, նախագահի հետ մի քանի անգամ խոսեցինք այս մասին, ինքն էլ Հայաստանի վարչապետի հետ խոսեց այս հարցի մասին։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը եւս խոսել է Հայաստանի արտաքին գործոց նախարարի հետ։ Երբ ասում ենք՝ խոսեցին, այսինքն՝ զարմացած էին, որ այդպիսի որոշում է կայացվել իմ դեմ, որովհետեւ իրենց համար ես պաշտպանում եմ Հայաստանի շահերը Ֆրանսիայի մեջ եւ արտաքին ճակատում, պաշտպանում եմ Արցախի ու Հայ դատի շահերը, եւ երբ այս որոշումը կայացվեց, իրենք, անշուշտ, շատ զարմացած էին, որովհետեւ իրենց համար ժողովրդավար երկրի մեջ ընդդիմությունը սրբություն է, այսինքն՝ ընդդիմության գաղափարն օգնում է իշխանություններին իրականության մեջ՝ փաստելու համար, որ երկիրը ժողովրդավարական երկիր է։ Պետք է գուրգուրել ընդդիմությանը, որովհետեւ երբ ընդդիմությունն ազատ ձեւով է աշխատում երկրի մեջ, նշանակում է, որ այդ երկիրը ժողովրդավարական սկզբունքները հարգում է։ Դրա համար, երբ երկրի մեջ կան քաղաքական բանտարկյալներ, կամ երբ երկրի մեջ ընդդիմությունը խանգարվում է իր աշխատանքի մեջ, կամ երբ արգելվում է ընդդիմադիրների մուտքը երկիր, դա սեւացնում է երկիրը միջազգային գետնի վրա։ Այդ ողջ ընթացքում, երբ ես արգելված էի Հայաստանում, գիտեք, որ ես հաճախ ֆրանսիական լրատվամիջոցների կողմից հրավիրվում էի, եւ չնայած որ արգելված էր իմ մուտքը Հայաստան, ես միշտ պնդում էի, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որովհետեւ մենք պետք է Ադրբեջանից տարբերվենք, որը դիկտատորական երկիր է։ Որքան Հայաստանն ավելի շատ ժողովրդավարական երկիր լինի, այդքան կընդունվի միջազգային ընտանիքի կողմից, եւ մենք կկարողանանք մեր տարբերությունը ցույց տալ Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Ես միշտ եմ այդ աշխատանքը տարել։ Լրագրողները, անշուշտ, գիտեին, որ ես արգելված էի, ինձ ասում էին, որ ես արգելված եմ Հայաստանում եւ այլն։ Ես ասում էի՝ դա ուրիշ հարց է, դա աննորմալ հարց է, որը մենք կլուծենք մեր մեջ, չէի ուզում միջազգային արձագանք տալ, բայց բոլորը՝ քաղաքական գործիչները, կառավարությունը, նախագահը, գիտեին եւ զարմացած էին, որ ես մինչեւ հիմա չեմ բարձրացրել հարցը հանրային գետնի վրա, որովհետեւ ես ամաչում էի, որ այդպիսի որոշում է կայացրել Հայաստանի իշխանությունը։ Ես ուզում էի պահել, որ մեր մեջ լուծենք այդ հարցը, եւ, բարեբախտաբար, լուծվեցավ։ Հուսով եմ, որ ԱԱԾ-ն չի բողոքի, որովհետեւ եթե բողոքի, ապա իզուր կբողոքի, քանի որ պատճառ չկա, գուցե ժամանակ շահելու համար բողոքեն, բայց եթե ԱԱԾ-ն բողոքարկի, այս անգամ ես իսկապես կդրսեւորեմ հանրային գետնի վրա, եւ եթե ներքին պրոցեսով չհաջողենք լուծել հարցը, ես արդեն կապ եմ հաստատել Եվրոպական դատարանի նոր նախագահի հետ, հանդիպել եմ նրա հետ, բացատրել եմ հարցս, ինքը լավատեղյակ է։ Այսինքն՝ ավելի լավ է հարգել դատարանի որոշումը, փակել այդ հարցը եւ դեպի ապագա գնալ։
- Շուրջ 2 տարվա արգելքը՝ Հայաստան մուտք գործելու, Ձեզ չէ՞ր խանգարում Հայաստանի համար աշխատել, այս 2 տարիների ընթացքում մեծ ողբերգություններ տեղի ունեցան՝ Արցախը հայաթափվեց ու ամբողջովին հանձնվեց Ադրբեջանին։
- Մենք շարունակեցինք աշխատել ֆրանսիական կառավարության հետ՝ նախագահի, Փարիզի քաղաքապետի, Լիոնի, Մարսելի քաղաքապետների հետ։ Ճիշտ է՝ ավելի օգտակար կըլլար, եթե ես կարողանայի իրենց հետ Հայաստան գալ-գնալ, սակայն իրականության մեջ աշխատանքը շարունակեցինք, շատ քիչ խանգարեց, որովհետեւ մեր առաքելությունն է՝ զորավիգ կանգնել Հայաստանին ու Արցախին։ Գիտեք՝ իշխանությունները կգան ու կգնան, բայց պետականությունն ու երկիրն այստեղ են, եւ մենք գիտենք, թե ինչն է մեր նպատակը․ Հայաստան եւ Հայաստանի ժողովուրդ, Արցախ եւ Արցախի ժողովուրդ, այդ է։ Կարող են արգելել, սակայն մենք կշարունակենք մեր աշխատանքը, որովհետեւ այդպես ենք դաստիարակվել, մեզ համար Հայաստանը մեր սրտի մեջ է, ուրեմն չենք դադարեցնի հայանպաստ եւ հայաստանանպաստ աշխատանքը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը