14 12 2023

Անհասկանալի է միայն, թե ո՞ւմ համար են «վեթթինգի» մասին «հեքիաթինգները». «Փաստ»

Անհասկանալի է միայն, թե ո՞ւմ համար են «վեթթինգի» մասին «հեքիաթինգները». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կարեն Անդրեասյանը, որ «նախկինների» ժամանակ լավ հարմարված էր ՄԻ պաշտպանի պաշտոնում, իսկ իշխանափոխությունից հետո շտապեց իր «մասնագիտական ծառայությունները» ի սպաս դնել Նիկոլ Փաշինյանին ու հիմա Բարձրագույն դատական խորհրդի նախագահն է, նախօրեին հայտարարել է. «Այդքան քննարկված և պահանջված դատական վեթթինգի շրջանակներում տեղի են ունեցել դատավորների հսկայածավալ ազատումներ և նշանակումներ: Այսպես՝ ներկայումս պաշտոնավարող 309 դատավորներից 200-ը նշանակվել են 2018 թվականի հեղափոխությունից հետո»: Նա էլի ինչ-որ վիճակագրական տվյալներ է բերում: Բայց...

Այն, ինչ կատարվել ու կատարվում է դատական համակարգում վերջին 5 տարվա ու հատկապես վերջին 1-2 տարվա մեջ՝ Կարեն Անդրեասյան-արդարադատության նախարար Գրիգոր Մինասյան «տանդեմի» կողմից, ոչ թե «վեթթինգ» է, այլ դատական համակարգի, եթե կուզեք՝ դատական իշխանության «մորթոցինգ»: Ընդ որում, հենց Անդրեասյանի բերած «թվաբանությունն» էլ է դրա մասին վկայում:

ԲԴԽ-ն, Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ, վերածվել է «պատժիչ օրգանի», որը հետևողականորեն հաշվեհարդար է տեսնում քաղաքական իշխանությանը անհաճո, Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին ոչ ձեռնտու որոշումներ ընդունած դատավորների հետ: Ու ընդհանրապես, այն, որ մի քանի տարվա մեջ դատավորների մոտ 60 տոկոսը հեռացվել է ու նորերն են նշանակվել, ոչ մի լավ բանի մասին չի խոսում: Դա ոչ մի «վեթթինգ» էլ չէ: Դա ընդամենը դատարանները գործող իշխանության կրնկի տակ դնելու գործընթաց է, որը փորձ է արվում վերամբարձ ու ճռճռան ֆրազներով փաթեթավորած մատուցել:

Ի դեպ, նույնիսկ այսքանից հետո, միևնույնն է, Նիկոլ Փաշինյանը դժգոհ է: Համենայն դեպս, միայն այս ամսվա ընթացքում նա առնվազն երկու անգամ հրապարակավ արել է հայտարարություններ, որոնք դատական իշխանությանն ուղղված անթաքույց հրահանգներ էին առ այն, որ կայացնեն միմիայն մեղադրական վճիռներ, այն էլ՝ արագ-արագ: Դա էլ է հասկանալի. դատական համակարգն ամբողջապես ենթարկեցնել չի ստացվել, դեռ կան ոչ քիչ դատավորներ, որ չեն ուզում իշխանության կամակատար դառնալ ու մնում են դատավորի անվանը հավատարիմ: Դրա մասին է վկայում նաև այն, որ քաղաքական ենթատեքստ ունեցող գործերը, որպես կանոն, «մակագրվում» են մի քանի նույն դատավորներին:

Անհասկանալի է միայն, թե ո՞ւմ համար են «վեթթինգի» մասին «հեքիաթինգները»: Ո՞ւմ են ուզում ինչ-որ բան ասել կամ համոզել՝ Ձմեռ պապի՞ն: Չէ, ավելի ճիշտ՝ Սանտա Կլաուսին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվահամարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ