18 11 2023

Հերթական «աննախադեպ», «հեղափոխական», «պատմական» բյուջեի ստվերոտ կողմը. «Փաստ»

Հերթական «աննախադեպ», «հեղափոխական», «պատմական» բյուջեի ստվերոտ կողմը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Անկախանալուց ի վեր Հայաստանը հայտնվել է ամենախոցելի վիճակում։ Աշխարհագրորեն Հայաստանի ողնաշարը հանդիսացող Արցախը թշնամուն հանձնելու արդյունքում հարվածի տակ է դրվել Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև տնտեսությունը։ Իսկ հակառակորդն ուղղակի հարմար պահի է սպասում, որպեսզի ներխուժի ՀՀ ինքնիշխան տարածք։ Բայց Փաշինյանի իշխանությունը փորձում է իրավիճակը ներկայացնել վարդագույն ակնոցներով ու իրեն բնորոշ «աննախադեպիզմի» շրջանակներում։ Այս անգամ նման առիթ է տվել 2024 թ. բյուջեի նախագիծը, որը դիտարկվում է որպես... «պատմական»։

Բյուջեում միջոցների ավելացումը իշխանությունները փորձում են կապել բարձր տնտեսական աճի, իսկ տնտեսական աճն էլ՝ իրենց «տաժանակիր» աշխատանքի հետ։ Իրականում տնտեսական աճը աշխարհաքաղաքական ու արտաքին որոշակի զարգացումներով է պայմանավորված, որոնք հնարավորություն են տվել դեպի Հայաստան որոշակի կապիտալի ներհոսք ապահովել։ Բայց, ինչպես նշում են փորձագետները, նման հանգամանքներով պայմանավորված տնտեսական աճը երկար շարունակվել չի կարող։ Պատահական չէ, որ ՀՀ տնտեսական աճի վերաբերյալ միջազգային ֆինանսա-տնտեսական կազմակերպությունների կանխատեսումները չեն անցնում 5 տոկոսի սահմանագիծը։ Մինչդեռ ՀՀ իշխանությունները 2024 թվականի բյուջեի հիմքում 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսումն են դրել։ Եվ չնայած Հայաստանի տնտեսական ներուժի ավելացման հատուկ նախադրյալներ չկան, իշխանությունները խոստանում են բյուջեի եկամուտներն ավելացնել մոտ 340 միլիարդ դրամով։

Ինչի՞ հաշվին: Ինչպես փաստում են հարկային քաղաքականության հետ գործ ունեցող մասնագետները, իշխանությունները շուտով գործարկելու են նոր օրենքներ, որոնք ավելացնելու են հարկային բեռը։ Օրինակ՝ նախատեսվում է հարկել շահաբաժինները, շահութահարկը 18 տոկոսից դարձնել 23 տոկոս, մյուս կողմից էլ նպատակ է դրվել ավելացնել տույժ-տուգանքները։ Այսինքն, բյուջեում նախատեսված եկամուտները ձեռք են բերվելու հանրությունից և մասնավորապես գործարար աշխարհից հարկերի կամ տուգանքների ավելացման միջոցով, չնայած նույն Փաշինյանը ժամանակին հայտարարում էր, թե ՀՀ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ։ Իսկ այս ամենը կարող է նախադրյալներ ստեղծել նաև Հայաստանի ներդրումային միջավայրի վատթարացման համար։ Հայաստանի բյուջեի համար լուրջ խնդիր է նաև այն, որ ծախսերն ավելի արագ են աճում, քան եկամուտները, ինչի արդյունքում մեծանում է բյուջեի դեֆիցիտը։

Իսկ ավելացող ծախսերն իրականացնելու ցանկությամբ պայմանավորված՝ կառավարությունն անընդհատ ստիպված է նոր պարտքեր ներգրավել՝ կտրուկ բարձրացնելով պետական պարտքի սանդղակը։ Բյուջեի ծախսային հատվածում էլ էական մասնաբաժին են կազմում կապիտալ ծախսերը։ 2024 թ. պետական բյուջեով կապիտալ ծախսերի 27 տոկոս աճ է նախատեսված՝ շուրջ 700 մլրդ դրամի կամ ՀՆԱ-ի 6,6 տոկոսի չափով։ Բայց Փաշինյանի կառավարության պարագայում կապիտալ ծախսերը, որպես կանոն, կա՛մ թերակատարվում են, կա՛մ էլ որոշ դեպքերում իրականացվում են այնպիսի ուղղություններով, որոնցում արդյունավետության փոխարեն առաջին պլան է մղվում ցուցադրականությունը։ Եվ բյուջեի կատարողականին ամեն կերպ հասնելու մղումով իշխանությունները առանցքային ենթակառուցվածքների ստեղծման ու կառուցման նպատակով միջոցներ ծախսելու փոխարեն անընդհատ ավելացնում են ասֆալտապատման աշխատանքները։ Մյուս կողմից էլ՝ իշխանությունները պետական բյուջեն դարձրել են սեփական «դրամապանակը»։

Ինչքան ցանկանում են, ինչպես ցանկանում են, օգտվում են բյուջեի բարիքներից, շռայլ ու անտեղի ծախսեր են կատարում, ահռելի պարգևավճարներ են ստանում։ Իսկ դրան զուգահեռ նրանք եկող տարվա բյուջեում անապահով սոցիալական խմբերին աջակցության ծրագրով նախատեսված միջոցները կրճատում են 10 տոկոսով։ Ընդհանուր առմամբ, իր բովանդակությամբ ու կառուցվածքով 2024 թվականի բյուջեի տարբերակը հակասում է իշխանությունների խոստումներին։ Ու այսքանից հետո Փաշինյանն իրեն թույլ է տալիս ԱԺ ամբիոնից կրկին պտտել վաղուց հոգնեցրած, ձանձրացրած ու արդեն «փչացած» նույն «սկավառակը»՝ նախկինների թերացումների ու թալանվածը վերադարձնելու մասին։ Դե, ինչպես ժողովուրդն է ասում, «արջը յոթ երգ գիտի, յոթն էլ»...

Որևէ մեկը չի էլ հերքում նախկինների լուրջ թերացումներն ու սխալները: Լավ, հինգ տարի է անցել, ինչո՞ւ է ամեն ինչ ավելի ու ավելի վատացել, ինչո՞ւ է գնալով ամեն ինչ ավելի վատանում, ինչո՞ւ ենք անընդհատ զիջում։ Չէ՞ որ փաստերն են վկայում, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ Հայաստանը միայն ու միայն հանձնել ու զիջել է, լեգիտիմացրել է հակառակորդի գործողությունները: Սա նման է հայտնի պատմությանը, երբ կինը ամուսնու համար ձի է թամբում, բեռները տեղավորում, իսկ երբ ամուսինը տուն է վերադառնում, սկսում է կնոջը կշտամբել, թե այդ ո՞նց էիր բեռները թամբին կապել, ճանապարհին մի տասը անգամ էլ ստիպված ես եմ նորից կապել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ