26 10 2023

Հեռանկարային ծրագրեր մշակված չեն, չկա որևէ հայեցակարգ, համակարգային խնդիրներին այդպես էլ լուծում չի տրվում․ «Փաստ»

Հեռանկարային ծրագրեր մշակված չեն, չկա որևէ հայեցակարգ, համակարգային խնդիրներին այդպես էլ լուծում չի տրվում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը կառավարության նախորդ նիստում կոչ է արել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ «ՀՀ-ից արտագաղթը չդիտարկել որպես առաջիկա գործողությունների պլան»: Միևնույն ժամանակ, նա նշել է, թե իր կառավարությունն «ամեն ինչ անում է»: Ասել, թե կառավարությունն ընդհանրապես ոչինչ չի անում, մեղմ ասած, անազնիվ կլինի:

Բայց, ինչպես փորձագետներն են նշում, հիմնականում գործ ունենք ընթացիկ, «տվյալ պահի» քայլերի հետ: Այսինքն, հեռանկարային ծրագրեր մշակված չեն, չկա որևէ հայեցակարգ, համակարգային խնդիրներին այդպես էլ լուծում չի տրվում: Արդյունքում, գնալով խորանում է անորոշությունը արցախցիների շրջանում, և արդեն իսկ 10 հազարից ավելի արցախցի լքել է Հայաստանը:

Այս օրերին բավական շատ է քննարկվում այն հարցը, որ բռնի տեղահանված արցախցիները կենսաթոշակ, նպաստ կամ աշխատավարձ չեն կարող ստանալ, քանի որ, ըստ պաշտոնական պատճառաբանության, «Հայաստանի կառավարությունն արցախցիներին վճարելու իրավասություն չունի»: Դեռ մի կողմ թողնենք, որ խոսքը ՀՀ կապույտ անձնագիր ունեցող մեր հայրենակիցների մասին է: Զուտ իրավական տեսանկյունից՝ եթե նրանք պետք է վճարվեն Արցախի պետբյուջեից, ապա, այս դեպքում էլ, մեր տեղեկություններով, Հայաստանի կառավարությունը չի կատարել ամսական վճարումը, ինչը թույլ կտար ԱՀ վտարանդի կառավարությանը կատարել վճարումներ: Փոխարենը որոշվել է նոյեմբերդեկտեմբեր ամիսներին 50 հազարական դրամ տրամադրել, որը կարող է «փոխարինել» արցախցիների չստացած աշխատավարձերին, նպաստներին կամ թոշակներին:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, այսպիսով կառավարությունը մի քանի խնդիր է լուծում. նախ՝ իր «համաձայնությունն» է հայտնում ԱՀ լուծարմանը, երկրորդ՝ արցախցիներին տրվող այդ գումարները համարում է մեծ լավություն: Զուգահեռ, մեր ունեցած տեղեկություններով, կառավարությունում ակտիվորեն քննարկվում է արցախցիներին փախստականի կարգավիճակ տալու հարցը, որի պարագայում կլինեն համապատասխան վճարումներ: Ճիշտ է, երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը նշեց, թե որոշվել է արցախցիներին տալ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, բայց այս դեպքում էլ «բանալի բառը» ժամանակավորն է: Այսինքն, վերջնարդյունքում դարձյալ համակարգային առումով խնդիրներին լուծում չի տրվում. իշխանությունները «փիառվում» են, արցախցիների խնդիրներն ու անորոշությունները՝ մնում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ