25 10 2023

5 տարի անց, փոխնախարարի դրամական միջոցները անգերազանցելիորեն աճել են․ «Ժողովուրդ»

5 տարի անց, փոխնախարարի դրամական միջոցները անգերազանցելիորեն աճել են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հաճախ է նախարարներին և տեղակալներին տարբեր որոշումներով ոլորտից ոլորտ տեղափոխում։ Նման մի օրինակ է նաև Տիգրան Գաբրիելյանի դեպքում։ 2022 թվականի հունիսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալից նա դարձավ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ։

Մեկ այլ այդպիսի որոշմամբ էլ Գաբրիելյանը գյուղատնտեսության նախարարի տեղակալից դարձել էր էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ Իսկ ո՞վ է այդ գերմարդկային կարողություններով օժտված պաշտոնյան և ի՞նչ ունեցվածք ունի: Գաբրիելյանը հայտարարագրել է 1 բնակարան բազմաբնակելի շենքում, որը գնվել է 2011 թվականին Երևանի Էրեբունի վարչական շրջանում։ Զարմանալի է այն հանգամանքը, որ փոխնախարարն իր պաշտոնավարումների ընթացքում երբեք տրանսպորտային միջոց չի հայտարարագրել. երևի պատճառն այն է, որ Գաբրիելյանը միշտ ծառայողական մեքենայով է շրջում։ 2018 թվականին, երբ Գաբրիելյանը նոր էր սկսել իր՝ փոխնախարարի կարիերան, նրա դրամական միջոցները կազմել էին 73 հազար ԱՄՆ դոլար և 5 մլն 300 հազար դրամ։

Այժմ՝ գրեթե 5 տարի անց, փոխնախարարի դրամական միջոցները անգերազանցելիորեն աճել են. բանկային ավանդները կազմել են 68 հազար դոլար, բանկային հաշիվների մնացորդները 11 մլն 438 հազար դրամ և 168 դոլար, կանխիկ դրամական միջոցները կազմել են 12 հազար դոլար։ Գաբրիելյանի տարեկան եկամուտները 2018 թվականին կազմել են 2 մլն 544 հազար դրամ, իսկ 2023 թվականին ներկայացրած հայտարարագրում փոխնախարարի եկամուտները աճել են գրեթե 7 անգամ՝ դառնալով 15 մլն 972 հազար դրամ։

Ամուսինը մեքենա չունի, սակայն կինը՝ Գոհար Գինոսյանը, 2018 թվականին գնել է Lexus մակնիշի մեքենա՝ արտադրված 2006 թվականին։ Գինոսյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 56 հազար դրամ։ Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 2 մլն 111 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ից, որտեղ աշխատում է որպես գլխավոր մասնագետ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ