«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի կողմից բազմիցս քննադատված մեկ անձից գնումների ձեւաչափը, որ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, ՀՀ գլխավոր դատախազությունում եւս կիրառելի է:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորած կառույցում մեկ անձից կատարված գնումների միջոցով դրոշներ են գնվել: Մեկ անգամ նրանք 90 հազար դրամ են տվել եռագույն դրոշներ գնելու համար, մյուս դեպքում էլ՝ 190 հազար դրամ: Բացի դրոշներ գնելուց, դատախազությունը տվյալների պահոցի տրամադրման ծառայություններից էլ է օգտվել եւ երկու պայմանագիր կնքել՝ կրկին մեկ անձից գնման ընթացակարգով: Դրանցից մեկով պայմանագիրը կազմել է 50 մլն դրամ, իսկ մյուս դեպքում 46 մլն դրամ վճարվել է ուղիղ մեկ անձի՝ առանց մրցույթի՝ «Տելեկոմ Արմենիա» ընկերությունից։
Բացի այդ, Աննա Վարդապետյանի գլխավորած կառույցը 100 հազար դրամով զինանշան է գնել: Եվս 130 հազար դրամ էլ ծախսվել է վերելակների նորոգման համար՝ «Տիգրան Խաչատրյան» անհատ ձեռնարկատիրոջից: Ամենաուշագրավ գնումը, իհարկե, դատախազության զուգարանի թանկարժեք խոզանակներն են:
Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 237 հազար 600 դրամով դատախազությունը զուգարանի խոզանակներ է գնել, այսինքն՝ մեկ խոզանակը մոտ 20 հազար դրամով»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը