07 07 2023

Ոստիկանությունում մի շարք մրցույթների մասով մեզ սկանդալային մանրամասներ են հայտնի դարձել․ «Հրապարակ»

Ոստիկանությունում մի շարք մրցույթների մասով մեզ սկանդալային մանրամասներ են հայտնի դարձել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե տենդերներում կոռուպցիան արմատախիլ է արվել, ոստիկանությունում մի շարք մրցույթների մասով մեզ սկանդալային մանրամասներ են հայտնի դարձել։ Այն կապված է աշխարհում առաջատար «Ինֆորմատիկ Սոլուշն» եւ «Ինտելջետ Սոլուշն» ընկերությունների հետ, որոնք, թերեւս, հավատալով խոստմանը, թե ՀՀ-ում կոռուպցիա չկա որոշել են մեր երկրում գործունեություն ծավալել։

Մի քանի անգամ հաղթելով վարորդական իրավունքի վկայականների եւ նույնականացման քարտերի պատրաստման եւ մատակարարման մրցույթներում, սակայն, հայտնվել են լուրջ խնդիրների առաջ։ Նրանց շահերը ներկայացնող փաստաբան Գագիկ Խաչիկյանը պատմում է, որ մրցույթներից հետո ընկերության ղեկավարության հետ կապ է հաստատել Սարմեն անունով մեկը եւ ասել, թե «կարգերն այլ են, մրցույթներում հաղթելու եւ հետագայում նորմալ աշխատելու համար անհրաժեշտ է համապատասխան վերաբերմունք ցուցաբերել»։

Դրանից հետո  մրցույթներում սկսվել են արհեստական խոչընդոտները, օրինակ՝ պահանջվող տեխնիկական տվյալների փոփոխում, բարդացում, պատվերը չընդունել, անիրական ցածր գին առաջարկող ընկերությունն է հաղթել, ապա հրաժարվել է պատվերից, արդյունքում մրցույթը չեղարկվել է, եւ միանձնյա գնումով են իրականացրել։

Այս սցենարը կրկնվել է քանիցս, իսկ Սարմենն ամեն անգամ հայտնվել է իր զգուշացումներով, ապա առաջարկել` 5 մլն դրամ տալ իրեն՝ խոչընդոտները վերացնելու համար, այլապես ընկերության «ոտքը կկտրի մրցույթներից»։ Փաստաբանն ասում է՝ իրավապահներին դիմել են, ապարդյուն։ Առաջիկայում Խաչիկյանը խոստացավ ավելի մանրամասն ներկայացնել ապօրինությունների ողջ շղթան, իսկ առայժմ վարչապետի, գլխավոր դատախազի, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ուշադրությունն է հրավիրում այս իրավիճակի վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ