17 06 2023

Իշխանությունը կորցնելու վախն է նրանց մղձավանջը. «Փաստ»

Իշխանությունը կորցնելու վախն է նրանց մղձավանջը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վստահ՝ նկատած կլինեք, որ ինչքան վիճակը վատանում է, ինչքան մոտենում է Նիկոլ Փաշինյանի՝ հերթական կործանարար քայլ անելու պահը, այնքան սանձարձակ, անհավասարակշիռ ու անադեկվատ են դառնում քպականները: Ադրբեջանի առջև «կուռկուռի ձագ» դարձածները, Թուրքիային սիրաշահողները ԱԺ ամբիոնից հանկարծ «առյուծի կաթ խմածի» դերի մեջ են մտնում: Կա տեսակետ, որ այդ անհոդաբաշխ «կտրիճությունն» առաջին հերթին վախից է, իշխանությունը կորցնելու վախից: Կյանքի իրավունք ունեցող տեսակետ է:

Ավելին, նույնիսկ վիճարկելու բան էլ չէ: Որևէ մեկի համար գաղտնիք չէ. քպականների, նիկոլականների համար երկիրը, հայրենիքը, ժողովուրդը ոչինչ են, ոչինչ են զոհերը, Եռաբլուրը, անվտանգությունը, ինքնիշխանությունը, պետականությունը: Իշխանությունն է նրանց սրբությունը: Իշխանությունը կորցնելու վախն է նրանց մղձավանջը: Ու խնդիրը միայն այն չէ, որ նրանք պատկերացնում են իշխանափոխությունից հետո պատասխան տալու հեռանկարը: Խնդիրը թաքնված է նրանց հայտարարագրերում: Իսկ ավելի շատ՝ հայտարարագրերից դուրս մնացածում: Պարբերաբար հրապարակվում են տեղեկություններ քպականների հայտարարագրերից, ու պարզվում է, որ հասարակության շարունակական ծայրահեղ աղքատացման ֆոնին նրանք հարստացել են պարզապես ահռելի չափերով, գերթանկարժեք «նվերներ» են ստացել (տո լավ, է)...

Մի կարկառուն քպական կա, ասում է՝ եթե հոգեբանական ճնշում չլինի, հասարակությունը երջանիկ է: Դե, հասկանալի է, նրանց համար հասարակությունն իրենց նեղ շրջապատն է, այսինքն՝ քպականներն իրենց ընտանիքներով, ու, այո, նրանք երջանիկ են: Իսկ իրական հանրությունը ինչի՞ համար պիտի երջանիկ լինի՝ Նիկոլ Փաշինյանի տված հազարավոր զոհերի՞, Արցախի կորստի՞, Հայաստանի անվտանգային համակարգը կործանելո՞ւ: Ինչի՞ համար...

Լավ, վերադառնանք քպականների վախերին: Պատկերացրեք, այս անձնավորությունների մի զգալի մասի երազանքը ժամանակին եղել է կարտոֆիլով «պերաշկիի» փոխարեն մեկ-մեկ մսով «պերաշկի» ուտելը (ի դեպ, ասում են՝ Գյումրիում Նիկոլ Փաշինյանի «պերաշկի» ուտելն ու նկարը հանրայնացնելն առաջին հերթին իր թիմի համար է ուղերձ եղել, թե իրենց խելոք չպահողների ապագան ինչպիսին կարող է լինել. դե՝ անցյալի նման):

Իսկ հիմա լողում են «յուղումեղրի» մեջ, իրենք իրենց գլխին ընկած երջանկությունից զարմացել են: Գումարած՝ վստահ են, որ իշխանափոխության դեպքում Փաշինյանն ու մի քանիսն իրենց գլխի ճարը տեսնելու են: Բա իրե՞նք... Եվ ուզում եք, որ այսքանից հետո «դոշ չտա՞ն» իշխանությունը պահելու համար: Իհարկե, պիտի տան: Թե չէ՝ Հայրենիք, երկիր, ժողովուրդ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվահամարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ