«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նավասարդ (Սամվել) Կճոյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազության ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն: Իսկ ի՞նչ դիմումի մասին է խոսքը: Այս տարվա հունվարի 23-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նավասարդ (Սամվել) Կճոյանը հրավիրվել էր Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
Կճոյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ավելին՝ Նավասարդ Կճոյանի գույքն արգելանքի տակ է դրվել: Բանն այն է, որ իրավապահները հարց են բարձրացրել՝ որտեղից հոգեւորականը, որ չի ունեցել եկամուտ, ունի մեծ ծավալների գույք: Հոգեւորականը բացատրել է, որ դա նա ստացել է որպես հոգեւորական նվիրատվություն, իսկ, ահա, իրավապահները հոգեւորականին բացատրել են, որ եկեղեցին ասում է, որ այդ նվիրատվությունն իրենը չէ, եկեղեցունն է: Հիմա բանը հասել է այնտեղ, որ դատախազությունը սպասում է հոգեւորականի կողմից ներկայացվող փաստաթղթերին, որոնք կհիմնավորեն, որ Կճոյանի ունեցվածքն օրինական է, եւ նվիրատվությունն անձամբ իրեն են արել, այլ ոչ թե եկեղեցուն։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդը դատախազություն է ուղարկել փաստաթղթեր, որտեղ ցույց է տվել, որ իր ունեցվածքն օրինական ծագում ունի, նվիրված է եղել հենց իրեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը