08 04 2023

Անահիտ Մանասյանին ՄԻՊ թեկնածու առաջադրելը «ոտքի վրա» կայացված, ինչ-որ տեղ «ստիպված» որոշում է եղել. «Փաստ»

Անահիտ Մանասյանին ՄԻՊ թեկնածու առաջադրելը «ոտքի վրա» կայացված, ինչ-որ տեղ «ստիպված» որոշում է եղել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Թերթի տեղեկություններով, խորհրդարանական մեծամասնության կողմից գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին ՄԻՊ թեկնածու առաջադրելը «ոտքի վրա» կայացված, ինչ-որ տեղ «ստիպված» որոշում է եղել. իշխանությունը բառացիորեն թեկնածու չի ունեցել ժողովրդավար պետության համար առանցքային նշանակություն ունեցող այդ կարևոր պաշտոնում առաջադրելու համար։ Ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, ովքեր համապատասխանում են այդ պաշտոնին, և որոնց դիմել են իշխանությունները, հրաժարվել են առաջադրվել:

Պատահական չէ, որ շուրջ երկու ամիս է՝ Հայաստանը չունի օմբուդսմեն։ Հիմա էլ, թերթի խորհրդարանական աղբյուրի փոխանցմամբ, Մանասյանի ընտրվելու հարցը դեռևս վերջնականապես լուծված չէ։ Չնայած այն հանգամանքին, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում Մանասյանի թեկնածությանը տրվել է դրական եզրակացություն, և հարցը քննարկվելու է լիագումար նիստում, ըստ մեր տեղեկությունների, ամենևին չի բացառվում, որ ՔՊ խմբակցությունը ևս նրան չընտրի: Բանն այն է, որ նույնիսկ ՔՊ-ում են ոչ միանշանակ վերաբերվում Մանասյանի թեկնածությանը:

Բացի դրանից, տարբեր տեղեկություններ կան, որ այս հարցում որոշակի շահագրգռվածություն ունի նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, որն իր աչքի առաջ այլ՝ շատ ավելի համապատասխան թեկնածու ունի։ Ի դեպ, անկարևոր չէ հիշել, որ այս իշխանությունն արդեն ՄԻՊ-ի հարցում նմանօրինակ պրակտիկա ունի: Մի խոսքով, չի բացառվում, որ ՄԻՊ ընտրությունը պարզապես տապալվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ