«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ Տեղ գյուղի տարածք ադրբեջանցիների ներթափանցումից մեկ օր հետո Փաշինյանը կառավարության նիստում գրեթե երդվեց․ «Հայկական դիրքերի որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել, ընդամենը Հայաստան-Արցախ երթուղու փոփոխություն է կատարվել»։ Նույն օրը ԱԱԾ-ն հերքեց սա՝ հաղորդելով․ «Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել եւ իրականացրել է ինժեներական աշխատանքներ։ Հայկական կողմի հաշվարկներով՝ հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել»։
Ապա եկավ ԱԱԾ-ի ստելու ժամանակը։ Շաբաթ օրը՝ ապրիլի 1-ին, ԱԱԾ-ն հերթական հաղորդագրությունը տարածեց, թե ՀՀ եւ ԱՀ ներկայացուցիչների մասնակցությամբ իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակն «էականորեն բարելավվել է»։
«Բարելավվելը ո՞րն է, որ մարդկանց հողերի մեջ ադրբեջանցիները 11-րդ պոստն են արդեն դրել»,- մեզ հետ զրույցում տարակուսել էր Արավուսի նախկին վարչական ղեկավար, համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը, ում հաշվարկով՝ ադրբեջանցիներն առանց դիմադրության ավելի քան 60 հա տարածք են վերցրել իրենց վերահսկողության տակ։ Երեկ էլ տեղեկացանք, որ Տեղ գյուղի տարածքում մի քանի ոստիկանական անցակետ է տեղադրվել, եւ թույլ չեն տալիս բնակիչներին՝ գնալ իրենց այգիները, որոնք զավթել է ադրբեջանական զինուժը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը