30 03 2023

Ամենժամյա ռեժիմով պետք է լրջորեն նախապատրաստվել հնարավոր նոր դիմակայության․ «Փաստ»

Ամենժամյա ռեժիմով պետք է լրջորեն նախապատրաստվել հնարավոր նոր դիմակայության․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից ի վեր արդեն երկու տարուց ավելի նախապատրաստվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը։ Եվ ընթացքում նույնիսկ պահեր են եղել, երբ թվացել է, թե ուր որ է պայմանագիրը կնքվելու է։

Օրինակ՝ անցյալ տարվա աշնանը տեղի ունեցած Պրահայի հանդիպումից հետո նշվեց, թե հաշտության պայմանագիրը կարող է կնքվել մինչև տարվա վերջ, բայց մինչ այժմ պայմանագրի դրույթների վերաբերալ առաջարկների փոխանակում է տեղի ունենում։ Այս ֆոնին ՀՀ գործող իշխանությունները շարունակում են հանրությանը նախապատրաստել խաղաղության դարաշրջանի բացմանն ու առանձնահատուկ դրական գործընթաց են համարում, որ թևակոխել են առաջարկների փոխանակման չորրորդ փուլ։

Դրանից կարող է տպավորություն առաջանալ, թե այս տարի հնարավոր է վերջապես կնքել խաղաղության պայմանագիրը՝ մանավանդ որ Ադրբեջանը նույնպես հայտարարում է, թե իրենց նպատակը ևս խաղաղության պայմանագրի կնքումն է: Բայց այդ երկրին ու իր ղեկավարին հավատալն առնվազն հիմարություն է. մինչ Հայաստանը տրամադրված է Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելուն, իրականում Ադրբեջանն ուղղակի ցանկություն չունի խաղաղության պայմանագիր կնքել։ Իսկ այս թեմայի շրջանառությունն Ադրբեջանի համար ընդամենն այլ նպատակներ ունի։

Տարիներ շարունակ, երբ կողմերի դիրքորոշումները մոտեցել են, Բաքուն այդ պահից սկսել է հայկական կողմի համար լիովին անընդունելի պահանջներ առաջ քաշել ու տապալել ամբողջ գործընթացը։ Հիմա առավել ևս այդպես է, թեպետ այս պարագայում կողմերի դիրքորոշումների մոտեցման մասին խոսելը, մեղմ ասած, տեղին չէ: Ողջ հետպատերազմյան ժամանակահատվածում հաշտություն կնքելու համար նույնիսկ նախադրյալներ առկա չեն, քանի որ Ադրբեջանը լիովին ապակառուցողական մոտեցում է ցուցաբերում և անգամ հումանիտար նշանակություն ունեցող խնդիրներին ոչ միայն լուծում չի տալիս, այլև ավելի է սրում դրանք՝ Արցախում ստեղծելով հումանիտար ճգնաժամ։ Պարզ է, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կնքելու որևէ մտադրություն չունի, իսկ բանակցություններն ուղղակի իմիտացիա են։

Այդ դեպքում, թեկուզ օնլայն, բանակցելով հայկական կողմի հետ խաղաղության պայմանագրի շուրջ, ի՞նչ խնդիր է լուծում Բաքուն։ Դրանով Ադրբեջանը ժամանակ է շահում՝ այն ծառայեցնելով իր օգտին։ Մինչ Հայաստանը կրիայի քայլերով է առաջ շարժվում իր անվտանգային համակարգի վերականգնման ուղղությամբ, Ադրբեջանը նոր զիջումներ կորզելու ու իր դիրքերն ամրապնդելու խնդիր է լուծում։ Եթե խաղաղության պայմանագիր կնքելու մտադրություն լիներ, ապա Ալիևը ինչո՞ւ պետք է հայտարարեր, թե ադրբեջանա-հայկական սահմանի ուղղությամբ շատ շահեկան դիրքեր ունեն, որտեղ ամրապնդվելու են ու մնալու են։ Նկատի ունենանք, որ ադրբեջանական զինված ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքի մի մասն օկուպացրել են, իսկ Հայաստանը մտադիր չէ զիջել իր ինքնիշխան տարածքները։

Այլ կերպ ասած՝ սահմանազատման մտադրություն չկա։ Բաքուն հասկանում է, որ ինչքան առկա իրավիճակը շարունակվի, մի կողմից անընդհատ կշարունակի պահանջներ ներկայացնել Հայաստանին ու զիջումներ կորզել, իսկ մյուս ձեռքով էլ միջազգային հանրությանը ցույց կտա, թե իբր բանակցում է և խաղաղություն է ցանկանում։ Ու այս ֆոնին ադրբեջանական զինված ուժերն Արցախում իրենց դիրքերը առաջ են բերում՝ խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Որոշ ժամանակ անց էլ կրկին նոր դիրքեր կզբաղեցնեն՝ Փառուխի օպերացիան այդպիսով դարձնելով որպես հետագա գործունեության նախադեպ։ Արցախը օղակի մեջ վերցնելու հետ մեկտեղ, Ադրբեջանը կփորձի նաև իրականություն դարձնել Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումները։ Միջազգային հարաբերություններում կարևոր նշանակություն ունի ժամանակի գործոնը։

Եթե մի ժամանակ Բաքուն համարում էր, թե բանակցային գործընթացը 30 տարի շարունակ եղել է Հայաստանի օգտին, ու միջնորդները ևս իրենց քայլերով նպաստել են, որ ստատուս քվոն պահպանվի, ապա հիմա լիովին հակառակն է՝ ժամանակն Ադրբեջանի օգտին է աշխատում։ Իսկ Փաշինյանը նշում է, թե խաղաղության պայմանագիր լինելու է, այսինքն՝ նոր պատերազմ չի լինելու։ Ու Հայաստանի քաղաքացիներից շատերն էլ մտածում են, որ այդպես էլ լինելու է։

Որոշ մարդիկ էլ հույսեր են կապում, թե Թուրքիայի երկրաշարժից հետո Անկարան չի ցանկանա լարվածություն հրահրել Հարավային Կովկասում։ Բայց այդ հույսերը սին են, քանի որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հիմքեր է ստեղծում նոր ագրեսիայի և պանթուրքական ծրագրերի իրականացման համար։ Այնպես որ, ամենժամյա ռեժիմով պետք է լրջորեն նախապատրաստվել հնարավոր նոր դիմակայության։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ