«Փաստ» օրաթերթը գրում է․ Ավելի քան 100 օր է, ինչ Արցախը շրջափակման մեջ է։ Ադրբեջանը որևէ կերպ մտադիր չէ կատարել Լաչինի միջանցքի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը և ապահովել ազատ տեղաշարժը։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի գլխավոր նպատակն է նպաստավոր պայմաններ ստեղծել Արցախում հայաթափում և էթնիկ զտումներ իրականացնելու համար։ Դրա համար էլ Ալիևը հրապարակային հայտարարում էր, թե Լաչինի միջանցքը բաց է նրանց համար, ովքեր ցանկանում են հեռանալ Արցախից։ Միջազգային հանրությանն էլ Բաքուն փորձում է ցույց տալ, որ Արցախյան հակամարտության հարցը փակված է, ու ինքը քայլեր է ձեռնարկում արցախահայության ինտեգրման համար։
Եվ պատահական չէ, որ Արցախի ԱԳՆ-ն վերջերս տարածած հայտարարության մեջ ևս արձանագրեց, որ 2020 թ. ագրեսիայից հետո Ադրբեջանի իշխանություններն ընդհանրապես հրաժարվում են խաղաղ բանակցություններից՝ Արցախի ժողովրդի կյանքի և իրավունքների հարցը որակելով որպես իրենց ներքին գործը։ Այդ դեպքում հարց կարող է առաջանալ, թե ինչի՞ համար էին ռուս խաղաղապահների միջնորդությամբ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպումները փետրվարի 24-ին և մարտի 1-ին, որոնք ողջունվեցին եվրոպական պաշտոնյաների կողմից։ Չնայած որ, ըստ պաշտոնական մեկնաբանությունների, այդ հանդիպումներում միայն հումանիտար հարցեր էին քննարկվել, այնուամենայնիվ, Ադրբեջանը ներկայացրեց այնպես, թե քննարկումը տեղի է ունեցել արցախահայության ինտեգրման հարցերի շուրջ։ Այն, որ Ադրբեջանը հանցագործ երկիր է, դա բոլորս գիտենք։
Ուստի որևէ հույս չպետք է ունենալ, որ Ադրբեջանը կարող է ուղիղ բանակցել Արցախի հետ, շոշափել արցախահայության իրավունքների և անվտանգության հարցերը կամ կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այլ հարց է, որ միջազգային հանրությունը Բաքվին ստիպի բանակցել Արցախի հետ, սակայն մինչ այժմ նման մեխանիզմ չկա, և Ադրբեջանին հաջողվում է միջազգային հանրությանը ներկայացնել, որ Արցախի հարցն իր ներքին գործն է։ Փաստացի Արցախի համար ստեղծվել է փակուղային իրավիճակ, որում առաջնային ու հիմնական իր պատասխանատվությունն ունի Հայաստանի այսօրվա ղեկավարությունը, որը հայտարարում է Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու մասին, ստորագրում է այնպիսի հայտարարության տակ, որտեղ նշվում է Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին և այլն:
Մյուս կողմից ժամանակին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե ինքը չի կարող Ադրբեջանի հետ բանակցել Արցախյան հիմնախնդրի շուրջ, քանի որ արցախահայության կողմից մանդատ չի ստացել։ Ու այդ հանգամանքը ներքին լսարանին ներկայացվում էր այնպես, թե վերջապես ինքը Արցախին վերադարձնում է բանակցությունների սեղան, իսկ նախկիններն Արցախը դուրս էին թողել բանակցություններից։ Հիմա ևս իշխանական քարոզչամեքենան այն մոտեցումն է առաջ մղում, թե ուղիղ բանակցություններ պետք է տեղի ունենան Արցախի ու Ադրբեջանի միջև։ Այսինքն, Փաշինյանը ձեռքերը լվանում է ոչ միայն բանակցային պրոցեսից, այլև Արցախից ընդհանրապես: Իսկ ամբողջությամբ Արցախյան հիմնահարցի շուրջ բանակցային գործընթացից դուրս գալու իրողությունը նա հիմնավորում է նրանով, թե այդ դեպքում Ադրբեջանն էլ պահանջներ է ներկայացնում Հայաստանին։
Այնինչ, հենց նույն Փաշինյանը հազիվ թե չի գիտակցում, որ Ադրբեջանն Արցախի հետ չի բանակցելու։ Մյուս կողմից՝ Ադրբեջանը, միևնույնն է, շարունակում և շարունակելու է Հայաստանի նկատմամբ հավակնություններ ու պահանջներ ներկայացնել։ Դա չի թաքցնում Ադրբեջանը, դա չի թաքցնում Հայաստանի օրվա իշխանության ղեկավարը: Մյուս կողմից՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ինստիտուտը փաստացի չի գործում, իսկ դրա աշխատանքի վերսկսմանը հայկական կողմը չի կարողանում հասնել։ Ու դրա փոխարեն նոր միջազգային ֆորմատ կամ մեխանիզմ չի գործում, որի շրջանակներում էլ կարող են շարունակվել Արցախի շուրջ բանակցությունները։
Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը Արցախը միայնակ է թողել ու մի կողմ քաշվել՝ իր նախկին ու ներկա հայտարարություններով և քայլերով հիմքեր ստեղծելով, որ նույնիսկ աշխարհաքաղաքական կենտրոնները, այդ թվում՝ ռազմավարական գործընկերը, պարզ հասկացնում են՝ եթե դուք այդպես եք ուզում, մեզանից ի՞նչ եք ուզում: Արդյունքում ունենք մի փակ շղթա, որում Արցախը ամենածանր վիճակում է հայտնվել ու ստիպված է միայնակ դիմադրել...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը