07 03 2023

Պատահական չէ, որ ադրբեջանական մի ահաբեկչությանն ու սադրանքին հետևում է մյուսը․ «Փաստ»

Պատահական չէ, որ ադրբեջանական մի ահաբեկչությանն ու սադրանքին հետևում է մյուսը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը նմանվում է ոչ թե «խաղաղության դարաշրջանի» նախապատրաստման, այլ սողացող պատերազմի։ Դա է ցույց տալիս իրադարձությունների ընթացքը կամ տրամաբանական շղթան։ Ընդհանրապես, ապագայի զարգացումների մասով արդյունքները կարող են տեսանելի լինել եղած ռեսուրսների կառավարման միջոցով։ Իսկ ամենակարևոր ռեսուրսներից մեկն էլ ժամանակն է։ Եվ, կախված իրադրությունից, կարող ենք գործ ունենալ երկարաժամկետ կամ կարճաժամկետ կտրվածքով ժամանակի կառավարման հետ։ Ներկայում Հայաստանին գոնե որոշ ժամանակ ու արդյունավետ կառավարում է պետք պատերազմի ծանր վիճակը հաղթահարելու համար։

Եթե Արցախյան առաջին պատերազմից հետո Ադրբեջանը հնարավորություն ստացավ վերականգնվելու ու նավթադոլարների հաշվին ահռելի քանակությամբ զենք կուտակելու համար, ապա թշնամին ներկայումս փորձում է Հայաստանին ժամանակ չտալ շունչ քաշելու և ուշքի գալու համար։ Այդ պատճառով էլ պատահական չէ, որ ադրբեջանական մի ահաբեկչությանն ու սադրանքին հետևում է մյուսը։ Անընդհատ լարված վիճակ է սահմաններում։ Ադրբեջանը թույլ չի տալիս, որ հանգիստ ու բարենպաստ պայմաններ ստեղծվեն երկխոսության համար։ Իսկ Փաշինյանը շարունակում է խոսել «խաղաղության դարաշրջան» բացելու մասին, անգամ նշում է, թե խաղաղության պայմանագիրը պետք է լինի երկարատև խաղաղության, կայունության և միջազգային համագործակցության նախապատրաստման պայմանագիր։

Սա ավելի շատ ինքնախաբեություն կամ հանրության գլխի տակ փափուկ բարձ դնել է նշանակում, քանի որ նույնիսկ քաղաքականությունից կամ քաղաքագիտությունից շատ հեռու մարդկանց է պարզ, որ Ադրբեջանին ոչ մի խաղաղության պայմանագիր էլ պետք չի։ Այդ երկիրն ուղղակի Հայաստանի ու Արցախի վերացում է ցանկանում։ Եվ իրականում թշնամու պատկերացրած պայմանագիրը Հայաստանի նոր կապիտուլ յացիայի կամ պետականության ոչնչացման պայմանագիր է։ Դրա համար էլ Բաքվում Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունների ներկայացման համար հիմքեր են ստեղծվում։ Ու այդ շրջանակներում ամենակոպիտ ձևով կեղծվում են փաստերը, պատմությունը հորինվում է, իսկ Հայաստանն անվանվում է Արևմտյան Ադրբեջան։ Այսինքն՝ Ադրբեջանը բացահայտ կերպով պատրաստվում է նոր պատերազմի։

Եվ Գերմանիա կատարած այցի ժամանակ այդ փաստն ընդունեց նաև Փաշինյանը։ Նրանք, ովքեր ընդհանրապես մտածում են, թե Արցախն Ադրբեջանի կազմում վերջնականապես ճանաչելով՝ հարցը փակվելու է, սխալվում են, հաջորդն արդեն Հայաստանի գոյության հարցն է դրվելու։ Այլ կերպ ասած՝ անկախ ամեն ինչից, Ադրբեջանը շարունակելու է սադրանքները և լարվածությունը։ Իսկ ՀՀ իշխանությունները հող են նախապատրաստում թշնամու ծրագրերի իրականացման համար՝ անընդհատ բթացնելով հանրության զգոնությունը և իրենց «խաղաղության օրակարգով» կոտրելով պայքարի ոգին։ Դրա համար էլ հանրության մի զգալի մասը նախ համակերպվեց նոյեմբերի 9-ի փաստաթղթով Արցախի տարածքների հանձնմանը, որոշ ժամանակ անց Հայաստանի տարածքների օկուպացմանը, իսկ հետո՝ Բերձորի միջանցքի փակմանը։ Մնում է սպասել, թե էլ ինչ ցավոտ իրադարձության կամ կորուստի հետ են համակերպվելու։ Բայց հարցն այն է, թե ո՞ւմ վրա է մեր հույսը։

Գլխավորապես ուրիշների։ Օրինակ՝ շատ է խոսվում, թե ռուսները պետք է պատասխանատվություն ստանձնեն մեր անվտանգության համար, կամ եվրոպացի դիտորդների առկայությունը կզսպի Ադրբեջանին։ Մյուս կողմից էլ՝ նշվում է, թե Իրանը չի թողնի, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացվի։ Բայց չի հնչում այն հարցը, թե մենք ի՞նչ ենք անում մեր անվտանգության համակարգի հզորացման համար։ Այս ուղղությամբ, բացի բարձրագոչ հայտարարություններից ու փիառից, տեսանելի ոչինչ չի արվում։ Մինչ մենք կորցնում ենք ժամանակը, թշնամին այդ նույն ժամանակն իր օգտին է ծառայեցնում...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ