03 03 2023

Հայաստանի իշխանությունները չունեն պատասխանատվություն ընտրողների առջև․ «Ժողովուրդ»

Հայաստանի իշխանությունները չունեն պատասխանատվություն ընտրողների առջև․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Այն, որ Հայաստանի իշխանությունները չունեն պատասխանատվություն ընտրողների առջեւ, ապացուցվել է բազմիցս: Հատկապես 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցող գործընթացները ցույց տվեցին, որ նրանք նաեւ ատամներով կառչած են իշխանությանը, այնինչ եվրոպական երկրներում նախարարներն ու անգամ երկրի ղեկավարը կարող է հրաժարական տալ անգամ ամենափոքր սխալի դեպքում:

Խոսենք փաստերով. Հունաստանի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Կոստաս Կարամանլիսը հրաժարական է տվել երկաթուղային վթարից հետո, որի հետեւանքով բազմաթիվ զոհեր են եղել՝ հայտարարելով, որ իր վրա է վերցնում տեղի ունեցածի քաղաքական պատասխանատվությունը։ Խոսքը Լարիսա քաղաքից ոչ հեռու՝ նույն գծի վրա գտնվող բեռնատար եւ մարդատար գնացքների ճակատային բախման մասին է։

Հրշեջ ծառայության վերջին տվյալներով՝ զոհվել է 36 մարդ, վիրավորվել՝ 130-ը: Նկատենք՝ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը ունեցել է գրեթե 5 հազար զոհ, 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա իրադարձություններից հետո ունեցանք 201 զինծառայողի կորուստ: Ընդամենը վերջերս՝ հունվարի 19-ին, Ազատ գյուղի զորամասի հրդեհին էլ զոհ գնաց 15 զինծառայող: Այս եւ այլ ողբերգական դեպքերից հետո իշխանության վերջին օղակներում գտնվող անձինք եւ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տվել եւ շարունակում է պաշտոնավարել, չնայած մշտապես հայտարարում է, թե կրում է այդ դեպքերի պատասխանատվությունն ու մեղավորությունը:

«Եվ ես չեմ պատրաստվում փախչել պատասխանատվությունից, որովհետեւ ես պատասխանատու եմ ոչ միայն նրա համար, ինչը որ մինչ այս պահն է տեղի ունեցել, այլեւ նրա համար, ինչը որ սրանից հետո է տեղի ունենալու, ու ես այդ պատասխանատվությունը պատրաստվում եմ կրել մինչեւ այն պահը, երբ իշխանության տերը կորոշի, որ ես այդ պատասխանատվության հետ գործ չունեմ այլեւս»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Որքան էլ Փաշինյանը հայտարարի, թե ժողովուրդն է ընտրում, եւ այդ պատճառով չի հեռանում, փաստ է մեկ բան՝ նա կառչած է իր աթոռից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ