«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Կառավարությունը շարունակում է արտաքին անվտանգության ապահովումը համարել առանցքային մարտահրավեր: Այս մասին նաև նշված է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ.)՝ 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում: 2022 թվականն ամփոփվել է 12,6% տնտեսական աճով: Զեկույցում ներկայացված են տվյալներ նաև սեպտեմբերյան ագրեսիայի մասին. ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունեցել է 225 զոհ, այդ թվում՝ քաղաքացիական 3 անձ, վիրավորվել է 293 զինծառայող և քաղաքացիական 7 անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
2021 և 2022 թվականների ընթացքում Հայաստանի դեմ իրականացրած ագրեսիաների հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի ավելի քան 150 քառակուսի կիլոմետր հատված։
Զեկույցի մեջ անվտանգության ապահովումը՝ որպես մարտահրավեր, ոչ մեկ անգամ է նշված: Սա նշանակում է, որ իշխանությունները ևս խոստովանում են, որ 2018 թվականից ի վեր չեն կարողանում ապահովել Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգությունը, և սա՝ այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն ամեն առիթով հայտարարում էր. «Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրում են և ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում»:
Փաստացի այսօր ոչ ոք չի ապրում ազատ, երջանիկ կամ անվտանգ Հայաստանում, այսինքն՝ այս խոստումը ևս չկատարվեց, գուցե՝ անհաղթահարելի երևույթների հետևանքով, բայց փաստը փաստ է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը