«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Բանակի երրորդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետապնդումներին անդրադառնալով՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը եւ քրեական գործն ամբողջությամբ շինծու են, ըստ այդմ՝ անհիմն են նաեւ Խաչատուրովի մեղադրանքն ու ձերբակալությունը․ «Մենք պետք է արձանագրենք, որ Գրիգորի Խաչատուրովը եւ իր հայրը՝ Յուրի Խաչատուրովը, մեր զինված ուժերի ակունքներում կանգնած զինվորականներ են՝ լուրջ ճանապարհ անցած։ Ուստի այս հետապնդումները պետք է դիտարկել այդ շղթայում»։
Օհանյանի խոսքով՝ «Գրիգորի Խաչատուրովն այն սպաներից է, որը մշտապես չի խորշել համարձակ տեսակետներ հայտնել այս իշխանությունների գործողությունների վերաբերյալ»: Համարձակ ու անզիջում մարդիկ, Օհանյանի կարծիքով, հայտնվում են այս իշխանությունների թիրախում։
Մեր զրուցակիցն ասում է, որ 44-օրյա պատերազմում պարտությունից հետո պարտության առաջնորդն իր թիմով սկսեց բանակի գլխատման գործընթաց՝ փորձելով պարտության ողջ մեղքը գցել բանակի ուսերին, ու հիմա էլ փորձում են կոտրել պայքարող մարդկանց, հավանաբար, նոր վտանգավոր գործընթացներին ընդառաջ:
«Բանակի հետ կապված խնդիրները պետք չէ վերածել «Կիսաբաց լուսամուտների» եւ ցնդաբանություններ ասել։ Միանշանակ է, որ 44-օրյա պատերազմից հետո միակ թիրախ է ընտրվել Հայոց բանակը, հետապնդումները շարունակվելու են, փորձելու են ողջ մեղքը գցել բանակի վրա՝ դրանով փորձելով շեղել օպերատիվ մարտավարական օղակի հրամանատարական կազմի վրա։ Այնինչ 44-օրյա պատերազմից հետո պետք է մանրակրկիտ վերլուծվի ամբողջ պետության՝ ե՛ւ գործադիրի, ե՛ւ օրենսդիրի եւ, առավել եւս՝ դատական իշխանական օղակների գործունեությունը՝ նկատի ունենալով այն անօրինականությունների, բարդակի, խուճապի փաստը, եւ թե ինչ են արել դատական իշխանություններն այդ հարցերում կարգուկանոն հաստատելու համար։ Հիմա միայն շեղել ու ամբողջ մեղքը, պատասխանատվությունը գցել բանակի վրա, անթույլատրելի է, առավել եւս, որ Արցախի պաշտպանության բանակը, կարելի է ասել, մեծամասնությամբ իր առջեւ դրված խնդիրը կատարել է։ Մենք բացթողում ունեցել ենք այն հատվածում, որտեղ ԱՀ ՊԲ եւ ՀՀ ԶՈՒ զորամիավորումների համագործակցության տարածքն է եղել, իսկ դրա պատասխանատուն, միանշանակ, ՀՀ գերագույն հրամանատարն է»։
ՀԳ․ Հիշենք, որ շարունակում են կալանավորված մնալ ՊՆ նախկին ղեկավար Դավիթ Տոնոյանը, Արցախի ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանը, օրերս էլ Արցախի դատախազությունը հայտնեց ԱՀ հերոս Վիտալի Բալասանյանի առնչությամբ քրեական վարույթ սկսելու մասին։ Քննություն է ընթանում Ջալալ Հարությունյանի, Մովսես Հակոբյանի, Միքայել Հարությունյանի եւ շատ այլ զինվորականների հետ կապված»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը