«Փաստ» օրաթերթը գրում է
Պատերազմի արդյունքներն օգտագործելով՝ Ադրբեջանն առաջին հերթին փորձում է իրավական ու դիվանագիտական դաշտում լեգիտիմացնել իր հավակնություններն Արցախի նկատմամբ։ Եթե նախկինում, օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ էին քաշվում երեք սկզբունքների՝ ազգերի ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման հիման վրա հակամարտության կարգավորման տարբերակները, ապա հիմա իրավիճակը բոլորովին այլ է։ ՀՀ օրվա իշխանությունները համակերպվել են միայն տարածքային ամբողջականության սկզբունքի հետ, դրա համար էլ անցած տարվա հոկտեմբերի 7-ին Պրահայում կայացած հանդիպման արդյունքներով Նիկոլ Փաշինյանը համաձայնեց ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ՄԱԿ-ի կանոնադրության և 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։
Ու հետաքրքիրն այն է, որ, այս ամենով հանդերձ, Փաշինյանը Հայաստանի նախկին նախագահներին է մեղադրում, թե նրանք արդեն ճանաչել էին Արցախը Ադրբեջանի կազմում՝ չնայած այն հանգամանքին, որ նախկինում երբեք Արցախյան հակամարտության շրջանակներում 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին հղում չի կատարվել։ Բացի այդ, Փաշինյանը, որը նախկիններին մեղադրում է Արցախին բանակցությունների սեղանից դուրս թողնելու հարցում, ինքն ընդհանրապես գնում է Արցախի սուբյեկտայնության ոչնչացման ճանապարհով։ Եվ այս ճանապարհի ցայտուն դրսևորումներից մեկն այն է, որ եթե նախկինում գործող հրադադարի փաստաթղթի՝ Բիշքեկյան արձանագրության տակ դրված էր նաև Արցախի ներկայացուցչի ստորագրությունը, ապա նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին փաստաթղթում Արցախը որևէ կերպ կողմ չի հանդիսանում։ Իշխանության գալուց հետո Փաշինյանը հայտարարում էր, թե Արցախի հարցի շուրջ բանակցելու համար Արցախի բնակչությունն իրեն մանդատ չի տվել։ Իսկ հետո այդ հանգամանքն օգտագործելով՝ նա նշում էր, թե դրա համար Արցախը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ։
Բայց այսպիսի դիրքորոշումը ոչ մի կերպ չխանգարեց, որ Փաշինյանն իր ստորագրությունը դնի Արցախի համար ճակատագրական՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ։ Ու այսքանից հետո զարմանալ պետք չէ, որ ՀՀ իշխանությունները ակտիվորեն շարունակում են խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները՝ ընդունելով Ադրբեջանի սահմանած խաղի կանոնները։ Արդեն երկու ամիս է՝ ինչ փակված է Լաչինի միջանցքը, և Արցախում հումանիտար իրավիճակը արդեն ծայրահեղ կետի է հասել, սակայն ՀՀ իշխանություններն ի վիճակի չեն միջամտել կամ պարտադրել, որ Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները։ Դրա համար էլ, տեսնելով ՀՀ իշխանությունների այս դիրքորոշումը, միջազգային հանրության արձագանքն Ադրբեջանին ուղղված կոչերից այն կողմ չի անցնում։ Փոխարենը առկա պայմաններում Հայաստանը փորձում է հասնել նրան, որ քննարկումներ լինեն Բաքվի ու Ստեփանակերտի միջև։ Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե վերջապես Արցախն ինքնուրույն կարող է բանակցել Ադրբեջանի հետ։
Բայց իրականում այդ քննարկումը լինելու է այլ հարթության վրա։ Այսինքն՝ Արցախը ոչ թե դիտարկվելու է որպես առանձին սուբյեկտ, որն իրավահավասար մակարդակում է բանակցելու Ադրբեջանի հետ, այլ որպես Ադրբեջանի կազմում գտնվող սովորական համայնք։ Օրերս էլ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ներկայացնելով Արցախի հարցում Հայաստանի մոտեցումը, նշեց, թե պետք է տեսանելի մեխանիզմ ստեղծվի, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև տեղի ունենան քննարկումներ՝ ԼՂ–ում ապրող հայերի անվտանգության, իրավունքների շուրջ։ Ընդ որում, ԱԽ քարտուղարի խոսքով, այս մեխանիզմների վերաբերյալ անդրադարձ կարող է լինել խաղաղության պայմանագրում, որի շուրջ բանակցություններ են ընթանում։ Սա նշանակում է, որ ՀՀ իշխանությունները խաղաղության պայմանագրի շրջանակում վերջնականապես գնում են Արցախի ինքնորոշման իրավունքի համար պայքարի էջը փակելուն, փոխարենը մնում է Արցախում ապրող հայերի անվտանգության և իրավունքների հարցը։
Ստացվում է, որ ՀՀ իշխանությունները կրկին իրենց մանդատ են վերապահում Արցախի ապագան կանխորոշող այնպիսի պայմանների շուրջ բանակցելու, որը ոչ մի կերպ չի արտացոլում Արցախի բնակչության կամքը, այն է՝ որևէ տարբերակով Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Այս ամենը բավարար չէ, մամուլն անընդհատ տեղեկացնում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունները ակտիվորեն միջամտում են Արցախի ներքաղաքական կյանքին, ինչի արդյունքում բացառված չէ, որ Արցախում անգամ ներքաղաքական ճգնաժամ կարող է առաջանալ՝ խորացնելով հակասությունները և թուլացնելով արցախահայության դիմադրողականությունը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը