16 02 2023

Բոլորը հասկանում են, որ Արցախի կյանքը չի կարող կախված լինել մեկ անձից․ «Հրապարակ»

Բոլորը հասկանում են, որ Արցախի կյանքը չի կարող կախված լինել մեկ անձից․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում ներքաղաքական կյանքը չի խաղաղվում։ Առաջիկայում կադրային փոփոխություններ կլինեն։ Ինչպեսեւ գրել էինք՝ Ռուբեն Վարդանյանի հեռացումն անխուսափելի է։ Դրան հավանություն է տվել նաեւ ռուսական կողմը՝ առաջարկելով, որ արցախցիներն իրենք գտնեն հանգուցալուծումը։ Արցախի իշխանությունները եւ քաղաքական ուժերը, ի տարբերություն ՀՀ իշխանությունների, նախընտրում են կոմպրոմիսային լուծումները եւ կոնսենսուսը, այլ ոչ թե ավելորդ առճակատումը։ Դա է պատճառը, որ քննարկվում է խաղաղ հանգուցալուծման տարբերակը եւ սահմանադրական փոփոխությունների հարցը։

Բանն այն է, որ Սահմանադրությունը գլոբալ փոփոխությունների ենթարկելու համար պետք է սահմանադրական հանրաքվե կազմակերպել, ինչը բարդ է եւ դժվար իրականանալի այս պահին։

Ընտրությունների կազմակերպումն էլ կարող է հարթ չընթանալ։ Սակայն բոլորը հասկանում են, որ Արցախի կյանքը չի կարող կախված լինել մեկ անձից՝ նախագահից, որի հրաժարականը կամ անսպասելի մահը կարող է փաստի առաջ կանգնեցնել երկիրը։

Գործող Սահմանադրությամբ՝ Արցախի նախագահի հեռանալու դեպքում երկրի ղեկը ստանձնում է ԱԺ նախագահը, որը 1 ամսվա ընթացքում պետք է ընտրություն կազմակերպի, սակայն չունի երկիրը կառավարելու գործառույթ, ասենք՝ չի կարող պետնախարար կամ կառավարություն նշանակել եւ այլն։ Արցախում որոշել են փոխել այս դրույթը՝ առանց հանրաքվեի, խորհրդարանում Սահմանադրության անցումային դրույթ ընդունելով, որով Արցախի նախագահին կարող է ընտրել խորհրդարանը՝ պատգամավորների ձայների երկու երրորդով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ