«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես մի օդիոզ անձնավորություն կասեր՝ մի «Համմեր» իր կարգազանց վարորդով մի ամբողջ շաբաթ-կիրակի «խաթարեց լրահոսի անդունդը», դարձավ սոցցանցային հանրույթի պատի ծամոնը: Այդ բուռն արձագանքների ծովում շատերի ուշադրությանն արժանացավ առողջապահության նախկին նախարար, կարկառուն քպական Արսեն Թորոսյանի գրառումը, թե ոստիկանական պարեկները «պետք է դիմահար կրակով ոչնչացնեին հենց բարձրացավ մայթի վրա՝ կվիրավորվեր, թե կզոհվեր, կարևոր չի»: Արձագանքողների մեծ մասը զարմանք, մնացյալն էլ՝ վրդովմունք էին արտահայտում քպականի նման գրառման կապակցությամբ:
Բայց մի՞թե այդքան զարմանալի է, որ քպականը հենց նմա՛ն՝ ուրիշի կյանքի վրա թքածունեցողակա՛ն վերաբերմունք ունի: Հասկանում ենք՝ երևի ներթիմային «խորքային պատճառ» ունի՝ առիթն օգտագործելով պարեկ-ոստիկաններին «կպնելու» համար: Հասկանում ենք՝ որոշակի հետաքրքրությունների շրջանակներում վերջին օրերի ակտիվացման ծիրում է: Բայց դա թողնենք իրենց ներքպական վայրիվերումների շրջածիրում: Փաստը մնում է փաստ, որ սույն քպականը ռեկորդակիր նախարար է եղել մահերի քանակով: Ու ընդհանրապես, ինչ 2018-ից այս «թիմը» վերցրել է իշխանությունը, մահը առօրեական մի բան է դարձել, մարդը, մարդու կյանքը նրանց համար ամենևին արժեք չէ:
Համավարակի, պատերազմի արդյունքում, հետպատերազմական շրջանում հազարավոր զոհեր տվածների, զոհերը «պլ յուս-մինուս 50»-ով հաշվողների համար մի մահն ի՞նչ է: Այնպես որ, իզուր էլ զարմանում եք, որ մի քպական էլ հորդորում է, որ պարեկներն աջուձախ կրակեն ավտոխուլիգանություն անողների վրա, հիմա՝ կսպանեն, թե հաշմանդամ կսարքեն, ի՜նչ կարևոր է... իրենց համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը