«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը, որը ՀՀ դատախազությանը իրավունք է տալիս ծանր մեղադրանք առաջադրել նաև իրավաբանական անձանց: Գործողության մեջ մտած դրույթներով Հայաստանի տարածքում գործող ընկերությունները կարող են դատապարտվել ՀՀ Քրեական օրենսգրքի հատուկ մասի բոլոր հոդվածներով, իսկ պատիժները, որ կարող է նշանակել դատարանը, բավականին ծանր են՝ նախորդ տարվա հասույթի մինչև 20 տոկոս տուգանքից մինչև ընկերության գործունեության հարկադիր դադարեցում:
Հաշվի առնելով հայկական ընկերությունների աշխատելաոճը, ներքին հակակոռուպցիոն և այլ բնույթի քաղաքականությունների բացակայությունը, ըստ փորձագետների, ծանր մեղադրանքներ կարող են առաջադրվել գրեթե բոլոր ընկերությունների նկատմամբ: «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջնային հարվածի տակ են հայտնվելու ռուսական կապիտալով գործող խոշոր ընկերությունները և իշխանության համար անցանկալի սեփականատերեր ունեցող խոշոր ընկերությունները:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտի աշխատանքը գտնվում է Հայաստանում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանատների ուղիղ հսկողության տակ, քանի որ այն ներդրվել է հենց նրանց պահանջով և ճնշումներով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը