24 01 2023

Արցախը փոքր երկիր է, բոլորս գիտենք՝ ով ով է, ով ուն ամանից է սնվում, ինչ է ուտում․ «Հրապարակ»

Արցախը փոքր երկիր է, բոլորս գիտենք՝ ով ով է, ով ուն ամանից է սնվում, ինչ է ուտում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը հարցազրույց է արել Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի հետ


- Սերգեյ Լավրովը հույս էր հայտնել, որ ճանապարհը շուտով կբացվի, բայց այն շարունակում է փակ մնալ, հումանիտար ճգնաժամը գնալով խորանում է։ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում խնդրի հանգուցալուծումը։

- Իհարկե, վիճակն այնպես է, որ Ադրբեջանը շարունակում է շրջափակումը եւ ապաշրջափակման որեւէ քայլ դեռեւս չի ձեռնարկում, չնայած՝ մենք տեսնում ենք որոշ ակտիվություն միջազգային հարթակներում։ Դա ե՛ւ Լավրովի հայտարարությունն էր, որը, փաստորեն, նշանակում էր՝ Ռուսաստանն ավելի ակտիվ պետք է զբաղվի այդ հարցով, մենք տեսնում ենք եվրոպական տարբեր ատյաններում Ադրբեջանին դատապարտող ինչ-որ հայտարարություններ։ Իհարկե, կարեւորն այն է, որ այդ շրջափակումը վերանա, որովհետեւ մենք իսկապես հումանիտար ճգնաժամի մեջ ենք՝ շատ բարդ իրավիճակ է։ Հույս ունենք, որ քայլեր կձեռնարկվեն։ Բայց մենք չպետք է դա շահարկումների ենթարկենք, սկսենք այլ կոչեր անել՝ դարակազմիկ հաղթանակ կամ պարտություն․․․ Ոչ, ուղղակի պետք է բացել։ Սա զուտ մարդասիրական ոլորտում պետք է դիտարկել։

- Իսկ ի՞նչ գնով պետք է բացվի, Ձեզ համար կարեւո՞ր է գինը,  ինչի՞ դիմաց պետք է բացվի ճանապարհը։

- Գինը հետեւյալն է՝ սա քաղաքական խնդիր չէ, սա հումանիտար խնդիր է, եւ Ադրբեջանը խախտում է մեր մարդասիրական իրավունքը։ Սա հասարակ մարդկային նորմ է, որովհետեւ․․․ Լավ, ի՞նչ են ստանում, որ 30 հազար երեխա սովամահ է լինում։ Եթե իրենք դրանից գոհ են, դա մի հարց է, բայց խնդիրն այն է, որ այսպիսի քայլերով իրենք հարվածում են բոլորին՝ ե՛ւ միջազգային հանրությանը, ե՛ւ ռուս խաղաղապահներին։ Հիմա պետք է բացվի։ Մեր կողմից գինը ո՞րն է, Ադրբեջանը եթե պահանջում է, որ Ադրբեջանի կազմում լինի Արցախը, սա որեւէ մեկի համար ընդունելի չէ։ Այսինքն, կրկնում եմ, մենք սա չպետք է դիտարկենք հաղթանակ-պարտություն հարթության մեջ, որովհետեւ այդ շահարկումները միմիայն բարդացնում են իրավիճակը եւ միմիայն հետաձգում են այդ մարդասիրական հարցի հանգուցալուծումը, կարգավորումը։ Հետեւաբար, պետք է պարզապես բացվի՝ ուրիշ ոչ մի բան։

- Ո՞վ եւ ի՞նչն է հաղթանակ համարում։

- Տեսեք, Ադրբեջանը կարող է սա համարել հաղթանակ, որ էդքան խեղդում է Արցախին, իսկ եթե բացվի, որոշ մարդիկ կարող է գոռգոռան՝ սա մեր հաղթանակն է։ Ես չեմ ուզում, որ այդպես լինի։ Մենք պիտի շատ զգույշ լինենք, շատ իմաստուն մոտենանք այդ հարցին ու հասկանանք, որ սա զուտ հումանիտար, մարդասիրական հարց է, եւ պետք է պարզապես բացվի եւ չշահարկվի քաղաքական առումով։

- Այդ գոռգոռացող որոշ մարդիկ ասելով նկատի ունեք Ռուբեն Վարդանյանի՞ն։

- Չէ, ես ընդհանրապես եմ ասում, որեւէ մեկին ես հասցեական բան չեմ ասում, ես ընդհանուր եմ ասում, որ եթե բացվի, պետք է դա նորմալ, չքաղաքականացված ձեւով ընդունենք։

- Վերջերս նորից ակտիվացել են Ռուբեն Վարդանյանի դեմ ելույթները, գրառումները, ասում են՝ Արայիկ Հարությունյանի ու նրա միջեւ լարվածությունն աճել է, Վարդանյանին մեղադրում են պոպուլիզմի, դեմագոգիայի ու հերոսանալու մղումների մեջ։

- Ո՞վ է ասում։

- Տարբեր մարդիկ, հիմնականում՝ Արայիկ Հարությունյանի թիմակիցները, Դուք էլ էիք վերջերս նմանատիպ մի բան հայտարարել։

- Ուրեմն, ես որեւէ մեկի թիմում երբեք չեմ եղել, ընդհանրապես՝ «թիմակից» ասվածը չեմ ընդունում, որովհետեւ՝ ի՞նչ է նշանակում թիմակից։ Առաջին հերթին պետք է համակարգն աշխատի՝ պետական համակարգը։ Իսկ պետական համակարգում «թիմեր» հասկացությունը ճիշտ չէ, որ մենք սկսենք շահարկել եւ օգտագործել։ Թիմն ի՞նչ է, դա մարդկանց խմբի մի աստիճան է, որտեղ մարդիկ իրար գաղափարներ կիսում են, լավ ճանաչում են, բայց համակարգում մարդիկ կարող են իրար լավ չճանաչել, կարող են իրար հետ լավ կամ վատ հարաբերություններ ունենալ, բայց դա չի նշանակում, որ համակարգը չպետք է աշխատի։ Իսկ որպեսզի համակարգն աշխատի, դրա համար պետք է լինեն հստակ կանոններ, օրենքներ, որ բոլորը հասկանան։ Նույնիսկ եթե ունեն անձնական խնդիրներ մեկը մյուսի հետ, էդ անձնականն աշխատանքի վրա չազդի։ Դրա համար ես «թիմ» հասկացությունը փոխարինում եմ «համակարգով», որովհետեւ, եթե թիմը համակարգից դուրս է, եւ համակարգը բաժանվում է ինչ-որ խմբավորումների, սա բերելու է ընդհանուր խնդիրների։ Իսկ եթե մեկն ակտիվանում է, իսկ էն մյուսը, ձեր կարծիքով, դեմ է խոսում, էդ մարդկանցից հարցրեք՝ դուք ակտիվանո՞ւմ եք, իսկ էն մյուսից հարցրեք՝ դա լա՞վ է, թե՞ վատ է։

- Հիմա Ռուբեն Վարդանյանը համակարգի ներսո՞ւմ է, համակարգից դո՞ւրս, թե՞ համակարգի դեմ։

- Դուք էլի ինձ փորձում եք տանել ինչ-որ խաղերի մեջ։ Եթե կարծում եք՝ ես երեկվա երեխան եմ, Դուք էլ կարող եք ինձ էդ խաղերում խաղացնել, չարաչար սխալվում եք կամ ինձ վիրավորում եք։ Դրա համար ասում եմ՝ ես անհատների չեմ ուզում վերածել, համակարգը պետք է աշխատի, որ անհատը ենթարկվի համակարգին, ոչ թե համակարգը՝ անհատին։

- Այստեղից մյուս հարցն է առաջանում՝ Արցախում պետական համակարգն աշխատո՞ւմ է։

- Պետական համակարգը․․․ Իհարկե, մենք ունենք լուրջ խնդիրներ նաեւ պետական համակարգի էֆեկտիվության հետ կապված, բնական է։ Ընդհանրապես, համակարգը ստատիկ բնույթ չի կրում, 2020 թվականից լրիվ այլ իրավիճակում ենք մենք գտնվում, դրա համար հիմա շատ կարեւոր է, որ խմբավորումներ չստեղծվեն։ Շատ կարեւոր է, որ լինի նաեւ բազմակարծություն, բայց բազմակարծությունը չպետք է վերածվի թշնամանքի, մարդիկ իրար չսպանեն, հասկանո՞ւմ եք։ Կան ուժեր, որոնք դրա վրա աշխատում են։

- Արցախում այնպիսի ուժեր կան, որոնք կարող են հասնել անգամ իրար սպանելո՞ւն։

- Կան ուժեր, որոնք փորձում են համակարգել ներսից ինչ-որ անհատների, ինչ-որ ուժերի, որպեսզի նրանք աշխատեն հակապետական օրակարգով, եւ այդպիսի անհատներ, դժբախտաբար, կան։

- Նրանք ո՞ր թեւից են՝ Արայիկ Հարությունյանի՞, Ռուբեն Վարդանյանի՞, թե՞ որեւէ երրորդ խմբից են։ Որտեղի՞ց են ուղղորդվում այդ ուժերը։

- Կան մարդիկ, որոնք ուղղորդվում են այլ տեղերից, հատկապես՝ ոչ հայկական շրջանակներից։ Անուններ չեմ ուզում տալ։ Եթե ժամանակը գա, ու մենք տեսնենք, որ ճգնաժամն այնպիսին է, ապա անուն առ անուն կնշենք։ Էս պահի դրությամբ՝ շահարկումների չպետք է ենթարկենք։ Արցախը փոքր երկիր է, բոլորս գիտենք՝ ով ով է, ով ում ամանից է սնվում, ինչ է ուտում եւ այլն։ Դրա համար կարեւորը հիմա պետական համակարգը պահպանելն է, կարեւորը ներքաղաքական կայունությունն է եւ իմաստուն մոտեցումներ ցուցաբերելը՝ այս կամ այն խնդրի լուծման հետ կապված։

- Ի՞նչ եք կարծում, Արցախում կա՞ն թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող անհատներ, ուժեր, խմբավորումներ։

- Կոնկրետ թուրք-ադրբեջանական օրակարգ սպասարկողներ․․․ Կան մարդիկ, ովքեր իրենց գործունեությամբ դրան նպաստում են, շատ քիչ մարդիկ՝ մեկ, երկու, երեք հոգի։

- Ռուբեն Վարդանյանը դրանց մեջ մտնո՞ւմ է։

- Գիտե՞ք՝ Դուք այնպիսի հարց եք տալիս․․․ Ես չեմ կարծում, որ Ռուբեն Վարդանյանը սպասարկում է թուրք-ադրբեջանական շահը, դա անհնարին է, կամ Արայիկ Հարությունյանը։ Դա անհնարին է։ Ո՞նց կարող է երկրի թիվ մեկ եւ թիվ երկու պաշտոնյաները սպասարկեն թուրք-ադրբեջանական օրակարգը։ Բայց կան մարդիկ, որոնք ստանում են փողեր այս կամ այն ֆոնդերից, այն կամ այն աղբյուրներից, որոնք սպասարկում են՝ կամա, թե ակամա, ուղղակի կամ անուղղակի, այլ՝ ոչ պետական, ոչ ազգային շահեր։ Կան այդպիսի շահեր, ինչո՞ւ չէ։ Քիչ են, բայց կան։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ