«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր առաջ գրել էինք, որ ճանապարհի բացման հետ կապված բանակցությունները ձախողվել են, եւ ռուսների մասնակցությամբ ընթացող պրոցեսը հաջողություն չի արձանագրել, ու անորոշ ժամանակով հետաձգվել է ճանապարհի բացումը:
Բանն այն է, որ ադրբեջանական կողմը չի համաձայնել հայկական կողմի առաջարկին, իսկ հայկական կողմն էլ մերժել է ադրբեջանականի առաջարկը: Ո՞րն է այդ առաջարկների տարբերությունը: Լավատեղյակ աղբյուրը ներկայացրեց խնդիրը․ հայկական կողմն առաջարկել է, որ ադրբեջանցիները բացեն ճանապարհը՝ խոստանալով, որ դրանից հետո թույլ կտա, որ «բնապահպանների» մի փոքր խումբ մտնի հանքեր եւ «մոնիթորինգ անի»:
Ադրբեջանական կողմը հրաժարվել է` պահանջելով նախ թույլ տալ, որ իրենց խումբը մտնի հանքեր` «մոնիթորինգ անի», որից հետո իրենք կբացեն ճանապարհը: Արցախի իշխանությունները որոշել են առայժմ դիմադրել` չհամաձայնել այս պահանջներին, երկու պատճառով: Նախ, որ մեկ անգամ զիջելուց հետո ադրբեջանցիները կարող են հետագայում էլ այս մեթոդը կիրառել եւ նոր զիջումներ պարտադրել, եւ երկրորդ` հասարակական կարծիքը կարող է շատ խիստ լինել, եւ մարդիկ կարող են ուղղակի փողոց դուրս գալ ու իշխանությունը վերցնել իրենց ձեռքը:
Այս իրավիճակի լուծումը կարող է լինել կա՛մ հանրային ճնշման ներքո Ադրբեջանի հոժարակամ նահանջը եւ ճանապարհը բացելը: Կամ` բլոկադան այնքան երկարի, որ մարդիկ համաձայնեն, որ մի 4 հոգանոց կեղծ-բնապահպանների խմբին թույլ տան՝ մտնել Դրմբոն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը