«Հրապարակ» թերթը գրում է. «Հարցազրույց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի հետ։
- Ի՞նչ է կատարվում այսօր Արցախում:
- Գազ չկա, ճանապարհը փակ է, տեղեկություններ են շրջանառվում, որ խանութներում սննդամթերքի ճգնաժամ է, սակայն դա այդպես չէ: դեռ ամեն ինչ էլ կա, միայն դեղատներում կա դեղերի պակաս: Արցախցիները մեծ փորձություններ հաղթահարած ժողովուրդ են, սա էլ կհաղթահարեն: Ում հետ խոսում եմ, ասում են, որ ամեն ինչի պատրաստ են դիմանալ: Խուճապային տրամադրություններ չկան: Դպրոցները փակվեցին, բայց բարձր դասարանցիներն այսօրվանից դպրոց են գնացել: Մարդիկ սովորականի պես ապրում են: Բոլորս էլ սպասում էինք, գուցե սրանից վատ էլ լինի, ո՞վ գիտի:
- ՀՀ իշխանությունների կրավորական կեցվածքը սպասելի՞ էր:
- Իհարկե, մանավանդ այն, որ ինչքան «քաչալ» կա, խորհրդարանում պատգամավոր են աշխատում: Ամեն հնարավոր բան բարդում են ռուսների վրա: Իր ժամանակին, երբ հաղթանակ էինք տարել, գիտեինք, որ մեջքներիս հետեւում իշխանություն ունենք, որ Արցախը մենակ չէ: Դժվարություններ, սով, պակասություն շատ է եղել, բայց եղել է վճռականություն եւ միասնություն: Այսօր այդ մարդիկ ավելի շատ թուրքերին են պաշտպանում, քան մեզ` արցախցիներիս: Այս իշխանության դեմքը դա է: Եթե իրենք իրենց տեղում լինեն, ղարաբաղցին կոտրվողը չէ, ամեն ինչի էլ կդիմանանք:
- Արցախի իշխանություններից, նրանց գործողություններից, հայտարարություններից գո՞հ եք:
- Իրենց կողմից ինչ հնարավոր է, անում են: Թե՛ պետնախարարը, թե՛ նախագահը՝ ամենքն իր տեղում է: Բայց Հայաստանն իրենից կախված ոչինչ չի անում: Հիմարներ կան, որ հատկապես սոցցանցերում ուրախանում են ստեղծված իրավիճակով՝ առանց հասկանալու, որ Ղարաբաղը Հայաստանի դարպասն էր, հիմա ադրբեջանցիները հասել են Գորիս, Ջերմուկ: Ամբողջ օրը հայաստանցի-ղարաբաղցի են խաղում՝ առանց գիտակցելու իրավիճակի լրջությունը: Չեն հասկանում, որ Ադրբեջանն արդեն Երեւանի մասին է խոսում, կույր են, խուլ եւ տգետ: Որ թուրքը գա հասնի Երեւան, ի՞նչ են անելու, էլի ասելու են՝ ղարաբաղցինե՞րն են մեղավոր: Փոխանակ խելքի գան, փողոց դուրս գան, պայքարեն, տեսեք՝ ինչեր են անում: 88-ին ո՞նց էր, պետք է հիմա էլ այդպես լինի: Ոմանց երակներում ոնց որ թուրքի արյուն ներարկված լինի:
- Ազերիները ներկայանում են որպես բնապահպաններ: Ոմանք այս խայծը կուլ են տվել:
- Դրանցից ի՞նչ բնապահպան: Էդ ապուշներն այն ժամանակ, երբ ֆոսֆոր էին թափում գլխներիս, չէի՞ն մտածում բնապահպանության մասին: Առիթ է, օգտագործում են, ինչ հնարավոր է՝ փորձում են պոկել:
- ՀՀ իշխանություններն ու որոշ շրջանակներ մեղքը բարդում են Ռուսաստանի, ռուս խաղաղապահների վրա: Դուք ի՞նչ եք մտածում:
- Այս իշխանությունները մեղքն ուրիշի վրա բարդելու մեծ փորձ ունեն: Նախ ասում էին, որ ամեն ինչում նախկիններն են մեղավոր, հիմա էլ` ռուսներն ու ռուս խաղաղապահները: Բոլորը մեղավոր են, բացի իրենցից: Առնվազն հասկանալի չէ, թե Հայաստանի իշխանություններն Արցախում ռուս խաղաղապահներից բացի էլ ում են ուզում տեսնել: Ռուսը գոնե մի փոքրիկ հույս է, որ մի բան է պատահում, ասում ենք` ռուսն էստեղ է: Ռուսն էլ որ գնա, ո՞վ պետք է գա: Սրանք էլ են պառակտիչ քայլեր, որ ռուսը զզվի, գնա այստեղից, ասի` ձեր հերն էլ անիծած: Մի տգետ զանգված կա, ասում է` դե, գնացեք, ռուսին շնորհակալություն եք ասել, տորթ եք հյուրասիրել, թող ռուսն էլ ձեզ պաշտպանի: Բա ռուսն է հիմա այստեղ, ո՞ւմ ասենք շնորհակալություն: Պիտի ռուսին ասենք՝ պատերազմը կանգնեցնելու համար, Ռուսաստանն է կանգնեցրել պատերազմը, ոչ թե Հայաստանի իշխանությունները»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը