16 12 2022

Դպրոցներում կարգելվեն բոլոր տեսակի ռազմահայրենասիրական պարապմունքները․ «Ժողովուրդ»

Դպրոցներում կարգելվեն բոլոր տեսակի ռազմահայրենասիրական պարապմունքները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նորանշանակ նախարարը հրահանգել է դպրոցներում արգելել բոլոր տեսակի ռազմահայրենասիրական պարապմունքներն ու կրթադաստիարակչական միջոցառումները: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ մի շրջաբերական է հայտնվել, որտեղ տիկին նախարարը Երեւանի փոխքաղաքապետին ու ՀՀ բոլոր մարզպետարանների գլխավոր քարտուղարներին հրահանգ է իջեցրել խուսափել դպրոցների ռազմականացումից:

Ավելի պարզ ասած՝ դա նշանակում է հրաժարվել համագործակցել ռազմական այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են «Կոմանդոս ռազմամարզական ակումբը», «Զարկ» ծրագիրը, «Փոքր Մհերը», ՈՄԱ (Ողջ մնալու արվեստը) ռամահայրենասիրական հասարակական կազմակերպությունը եւ այլն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ժաննա Անդրեասյանը վերոնշյալ շրջաբերականը դեռ փոխնախարար եղած ժամանակ է ստորագրել:

Ի՞նչ է ստացվում. դպրոցներում, փաստորեն, բացի «Նախնական զինվորական պատրաստվածություն» (ՆԶՊ) առարկայից, դպրոցականները ռազմահայրենասիրական այլ ծրագրերի ու դասընթացների այլեւս չեն կարող մասնակցել:

Սա, փաստացի, կառավարող ուժի գործելաոճն ու ձեռագիրն է՝ ինչքան հեռու հայրենասիրությունից, այնքան ավելի լավ: Փաստորեն, դեռ պետք է շնորհակալ լինենք, որ տիկին նախարարուհին չի որոշել ՆԶՊ առարկան հանել առարկայացանկից. նրա նախորդներն, ի դեպ, 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո նման մտադրություն ունեին, հանրային ճնշման ներքո, սակայն, այդ գաղափարից, փառք Աստծո, հրաժարվեցին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ