«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ խորհրդարանում ավարտվեցին 2023 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները: Այս ամբողջ օրերի ընթացքում, երբ պետական գերատեսչությունների ներկայացուցիչները խորհրդարանում էին, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն այնքան էլ ակտիվ չէին, եւ մատների վրա կարող ենք հաշվել այն պատգամավորներին, որոնք մասնակցել են բյուջեի քննարկումներին, ակտիվ եղել եւ հարցեր ուղղել:
Թերեւս կարելի է մատնանշել ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանին եւ Սերգեյ Բագրատյանին, որոնք ավանդաբար ակտիվ էին եւ գրեթե բոլոր զեկուցողներին հարցեր էին ուղղում:
Երեկ, օրինակ, խորհրդարանում տեղի ունեցավ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի եւ Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Խորհրդարանում երեկ ՀՀ մարզպետներն էին, որոնք հերթով ներկայացրին բյուջեի նախագծերը, սակայն ավանդական ակտիվությունն առկա չէր, եւ մարզպետներից շատերին անգամ հարց տվող չկար:
Ավելին՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը եւ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն առհասարակ նիստին չէին ներկայացել, եւ հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի մտքով էլ չանցավ հետաքրքրվել, թե որն է նրանց՝ խորհրդարան չգալու պատճառը: Մինչդեռ ընդդիմադիր եղած ժամանակ հենց Նիկոլ Փաշինյանն էր քննադատում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ ասելով, թե նա ավելի կարեւոր գործեր ուներ, քան խորհրդարան գալը:
Որպես համեմատություն՝ ընդգծենք՝ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը երեկվանից արձակուրդում է, սակայն մասնակցում էր բյուջեի քննարկմանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը