27 10 2022

Գնալով ավելի ու ավելի են ձեռք քաշում Արցախից. «Փաստ»

Գնալով ավելի ու ավելի են ձեռք քաշում Արցախից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս Հայաստան էր ժամանել Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևը: Նա հանդիպումներ է ունեցել մի շարք պաշտոնական և քաղաքական շրջանակների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Փորձագիտական շրջանակները ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ իշխանական պաշտոնյաները Կովաչևի հետ հանդիպումների ժամանակ խոսել են ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի, տարածաշրջանային խնդիրների, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման, Ադրբեջանի հայատյաց քաղաքականության ու մի շարք այլ հարցերի մասին, սակայն ծպտուն անգամ չեն հանել Արցախի կարգավիճակի և ինքնորոշման խնդրի մասին:

Արցախի հետ կապված միակ հարցը, որ քպականները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկել են, «Արցախում ապրող հայերի իրավունքների պաշտպանության ու անվտանգության խնդիրն» է: Ու ընդհանրապես, արտերկրյա գործընկերների հետ շփումներում իշխանությունները փորձում են շրջանցել Արցախի կարգավիճակի ու ինքնորոշման հարցը։ Հետաքրքիր է, որ փոխարենը Կովաչևի հետ հանդիպման ընթացքում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է հատուկ շեշտել, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու երաշխավորումը պետք է արտացոլված լինեն խնդրին վերաբերող քաղաքական և իրավական փաստաթղթերում։ 

Ըստ էության, այս ամենը վկայում է այն մասին, որ Արցախի ինքնորոշման հարցը բարձրացնելու առաքելությունը մնացել է միայն ընդդիմության ուսերին, իսկ իշխանությունները գնալով ավելի ու ավելի են ձեռք քաշում Արցախից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ