27 10 2022

Վիրավորները դուրս են գրվել հոսպիտալներից. «Հրապարակ»

Վիրավորները դուրս են գրվել հոսպիտալներից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը չի հրապարակում թիվը, թե սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի հարձակման հետեւանքով քանի վիրավոր զինծառայող ունենք։ Նախարար Անահիտ Ավանեսյանը մեզ ասաց՝ դա պաշտպանության նախարարության գործառույթն է, իրենք նման թվեր չեն հրապարակում, եւ հավելեց․ «Հիվանդանոցային բուժում ստացող արդեն իսկ չունենք, միայն վերականգնողական բժշկական օգնության մասով է, եւ, իհարկե, հաջորդիվ ունենալու ենք էտապային բժշկական օգնության կարիք»։

Թվերի մասով դիմեցինք ՊՆ-ին։ Նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը մեզ փոխանցեց թարմացված տվյալներ, թե քանի վիրավոր զինծառայող ունենք, եւ նրանցից քանիսն է այս պահին բուժում ստանում։ Ըստ այդմ՝ սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով վիրավորվել է 293 զինծառայող։ 

«Վիրավոր զինծառայողներից 71-ն ավարտել է բուժումն ու դուրս գրվել հոսպիտալներից, 130-ը բուժումն ավարտել է ու գտնվում է վերականգնողական արձակուրդում։ Այս պահի դրությամբ հոսպիտալներում չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծանր կամ ծայրահեղ ծանր»,- ասաց Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հոկտեմբերի 5-ին, ՊՆ մամուլի քարտուղարը հայտնել էր վիրավոր զինծառայողներից 61-ի՝ բուժումն ավարտելու եւ 40-ի՝ դուրս գրվելուց հետո վերականգնողական արձակուրդում գտնվելու մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ