17 12 2023

Բախվել են Իջևան-Դիլիջան երթուղու մարդատար ГАЗель-ն ու 06-ը. կա 15 վիրավոր

Բախվել են Իջևան-Դիլիջան երթուղու մարդատար ГАЗель-ն ու 06-ը. կա 15 վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտաճանապարհի 130-րդ կմ հատվածում՝ Իջևանի վարչական տարածքում, բախվել են Իջևան-Դիլիջան երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ն ու ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները․ տեղեկացնում է shamshyan.com-ը։ 

Վթարի հետևանքով 15 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն:
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Իջևանի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները: 

Օպերատիվերեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, վաշտի հրամանատար Արտակ Օհանյանի գլխավորությամբ:
 
Բախման հետևանքով ГАЗель-ը կողաշրջվել է և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականն ու տեղում իրականացրել հերթապահություն: 

 Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ГАЗель-ը վարել է Երևանի բնակիչ՝ 59-ամյա Գալուստ Մարգարյանը, իսկ 06-ը վարել է տավուշի մարզի բնակիչ, 58-ամյա Գարեգին Հարությունյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ