«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իրավապահ համակարգի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ տևական ժամանակ է, ինչ բավականին հետաքրքիր գործերով իրավապահների ուշադրության կենտրոնում է Մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ Հայկ Հովհաննիսյանը, որը հանդիսանում է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի մտերիմը:
Մեզ ակնարկեցին, որ Հովհաննիսյանը քաղաքապետի հովանավորյալն է, և այդ կապերը եղել են դեռևս այն ժամանակվանից, երբ Սարգսյանը Երևանի քաղաքապետի տեղակալն էր և համակարգում էր նաև Մետրոպոլիտենի աշխատանքը: Մեզ փոխանցեցին, որ օպերատիվ աշխատանքների արդյունքում հավաքված տեղեկությունները, մեղմ ասած, բավականին ուշագրավ են եղել, սակայն ինչ-ինչ պատճառներով ակտիվ գործողություններ չեն իրականացվել:
Մեր այն հարցին, թե ինչպիսի հնարավոր չարաշահումներ են՝ կոռուպցիա, հովանավորչություն, թե այլ, պատասխանեցին, որ հարցականները, առերևույթ հանցագործությունների կամ դրանց ռիսկերի շրջանակը բավականին լայն է, ու ավելի կոնկրետ տեղեկություններ կտրամադրեն ավելի ուշ: Քաղաքապետարանի մեր աղբյուրները, թեմայի շուրջ կատարված հարցումներին ի պատասխան, նշեցին, որ Հայկն ու Հրաչն այն աստիճանի մտերիմ են, որ Հայկ Հովհաննիսյանի կինը` Իսկուհի Օսիպյանը, զբաղեցնում է քաղաքապետարանի գնումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը:
Դժվար չէ կռահելը, որ հսկայական ֆինանսական հոսքեր կառավարող այդ վարչությունը պետք է ղեկավարի քաղաքապետի ամենամտերիմ մարդկանցից մեկը: Ի դեպ, հայտնի դարձավ նաև, որ Հայկ Հովհաննիսյանը վերջերս սկսել է հաճախ լինել Միացյալ Էմիրություններում` Դուբայում: Ինչևէ, սպասենք դեպքերի հետագա ընթացքին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը