«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով Մոսկվայում է: ՀՀ ԱԺ պատվիրակությունը ոչ միայն Վոլոդինի, այլև Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի ու ՌԴ խորհրդարանում ներկայացված Единая Россия խմբակցության ներկայացուցիչների հետ է հանդիպել:
Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, տելեգրամյան ալիքներով լուր էր տարածվում, որ ՀՀ պատվիրակությանն ու մասնավորապես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին թե՛ Վոլոդինը, թե՛ Մատվիենկոն հստակ հարց են ուղղել՝ պարզաբանել՝ ՀՀ-ն արդյոք պատրաստվում է հրաժեշտ տալ ՀԱՊԿ-ին կամ, այսպես ասած, առ ոչինչ ճանաչել ՀՀ-ՌԴ ռազմավարական գործընկերությունը՝ փոխելով աշխարհաքաղաքական վեկտորը: Այս տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանին: Ի պատասխան՝ նա նշեց, որ նման բան չի եղել:
Տրամաբանությունը հուշում է, որ ՌԴ այցելած հայկական պատվիրակության անդամներին ռուսաստանցի գործընկերները առաջին հերթին քաղաքական վեկտորը փոխելու կամ նման մտադրություն ունենալու մասին հարցեր պետք է ուղղեին: Դրա մասին է վկայում նաև ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ երեկ արտահայտած միտքն այն մասին, որ Մոսկվան ԵՄ առաքելությունը դիտարկում է որպես Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը միջամտելու փորձ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը