«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի ընտրություններին դեռ մեկ տարի կա, սակայն Տիգրան Ավինյանը նախընտրական քարոզարշավ է իրականացնում։ Եթե մինչ այս հանդիպում էր հասարակական տարբեր խմբերի հետ, արվեստագետներին պարգեւներ հանձնում, հիմա մտել է օրենսդրական դաշտ եւ փորձում է լիարժեք օգտագործել «Սուրմալուի» թեման: Նա օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել ԱԺ՝ հրավառությունների սահմանափակման մասին։
Օգոստոսի 31-ին գիտության, կրթության եւ այլ հարցերի հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը աշխատանքային քննարկում է անցկացրել հրավառությունների կազմակերպման եւ արգելման թեմայով: «Հարցին վերստին անդրադառնալու պատճառը «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օրեր առաջ տեղի ունեցած ցավալի իրողությունն է»,- ասել է Գաբրիելյանը՝ նշելով, որ դեռ 1,5-2 տարի առաջ կառավարությունը նման օրենսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել, սակայն համավարակը, պատերազմն ու խորհրդարանի լուծարումը խանգարել էին:
Նա ասել է, որ դժգոհություններ են ստանում քաղաքացիներից` հրավառությունների աղմուկի համար, եւ գրանցվում են դժբախտ պատահարներ․ նախորդ տարի պայթուցիկից կտրվել էին մի երեխայի մատները, մի տարեց քաղաքացի սրտի կաթված էր ստացել: «Նախագծի հիմնական դրույթները ներկայացրել է քննարկմանը հրավիրված ՀՀ նախկին փոխվարչապետ, նախագծի համահեղինակ Տիգրան Ավինյանը»,- գրել են ԱԺ կայքում: Տիգրան Ավինյանը, փաստորեն, լրամշակել է կառավարության մշակած նախորդ օրենսդրական նախաձեռնությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը