27 08 2022

Փնթիությո՞ւն, անգրագիտությո՞ւն, թե՞ դիտավորություն. «Փաստ»

Փնթիությո՞ւն, անգրագիտությո՞ւն, թե՞ դիտավորություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Արցախյան երկրորդ պատերազմից օրեր անց՝ 2020 թվականի նոյեմբերի 18-ին, Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց առաջիկա ամենակարևոր անելիքների ճանապարհային քարտեզ, որը պետք է իրականություն դառնար 6 ամսվա ընթացքում։ Մասնավորաբար, քարտեզի 8-րդ կետում հատուկ նշվում էր զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատման և բարեփոխումների մեկնարկի մասին, սակայն պատերազմից արդեն մեկուկես տարուց ավելի ժամանակ է անցել, իսկ բանակում դեռևս էական բարեփոխումների մասին խոսք լինել չի կարող։ Նույնիսկ ընդհակառակը:

Բարեփոխումների տրամաբանությունը հուշում է ոչ միայն նորագույն սպառազինությունների ձեռքբերում, այլև զինված ուժերում կառուցվածքային փոփոխությունների իրականացում և ժամանակակից անվտանգային պահանջներին համապատասխանեցում։ Հատկապես պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ պարտությունից ի վեր մշտական անվտանգային սպառնալիքների և հակառակորդի սադրանքների պարագայում բանակում բավական ծանր բարոյահոգեբանական վիճակ է ստեղծվել, որը փոխելու համար նպատակաուղղված աշխատանք և պրոֆեսիոնալ մոտեցում է հարկավոր։ Բայց խնդիրն այն է, որ եթե այս ընթացքում բանակում որևէ փոփոխություն է նախաձեռնվել, ապա այդ նախաձեռնությունները կա՛մ փորձարկումների տեսքով են, կա՛մ էլ ընդամենը իշխանությունների համար ավելի կոմֆորտ միջավայր ստեղծելու նպատակ են հետապնդում, ինչպես, օրինակ՝ ԳՇ պետին՝ որպես պաշտպանության առաջին փոխնախարար պաշտպանության նախարարի անմիջական ենթակայության տակ բերելու նախագիծն էր։ Եվ չնայած Հայաստանն իր անվտանգությունը վերականգնելու հարցում սխալվելու իրավունք չունի, սակայն իշխանությունները բանակը ուղղակիորեն դարձրել են փորձադաշտ, միաժամանակ շարունակում են կոկորդ պատռել, թե ՀՀ-ն հետևողականորեն շարժվելու է պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով։

Այս տրամաբանության շրջանակներում իշխանությունները հերթական նախագիծն են դրել հանրային քննարկման, որով առաջարկվում է ներդնել պայմանագրային զինվորական ծառայության նոր համակարգ, ինչպես նաև շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն՝ ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով: Ընդ որում, նախագծով պայմանագրային զինվորական ծառայության նոր համակարգի ներդրումը հիմնավորվում է նրանով, թե «Ես եմ» ծրագրով ծառայություն անցնելու ցանկություն հայտնողների թիվը չի բավարարել ակնկալվող քանակը՝ աստիճանաբար նվազելով, իսկ 2021-2022 թվականների զորակոչերի ընթացքում չի եղել ոչ մի դիմում:

Նշենք, որ «Ես եմ» ծրագիրը նախատեսում է պարտադիր ժամկետային զինծառայության ենթակա քաղաքացու և ՊՆ-ի միջև պայմանագրի կնքում, որով ծառայության ժամկետ է սահմանվում 3 տարին, որից առաջին 6 ամիսը պետք է անցկացվի ուսումնական զորամասում։ Իսկ 3 տարին լրանալուց հետո, երբ զինծառայողը զորացրվում է, նրան տրամադրվում է 5 միլիոն դրամ պատվովճար, որը նա կարող է օգտագործել միայն բնակարան գնելու, ուսման վարձի կամ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով։ Իսկ թե ինչու է «Ես եմ» ծրագրով ծառայություն անցնելու ցանկություն հայտնողների քանակը կտրուկ նվազել, թերևս կապված է մի շարք հանգամանքների հետ։ Նախ՝ բավարար քարոզչական աշխատանք չի տարվել իշխանությունների կողմից այս ծրագրի առավելությունները հանրությանը ներկայացնելու համար՝ հաշվի առնելով, որ այդ նախաձեռնությունը կյանքի է կոչվել նախկին իշխանությունների օրոք։ Մյուս կողմից էլ՝ պարզ է, որ գործ ունենք հետպատերազմյան իրողությունների հետ, երբ ընդհանրապես պայմանագրային ծառայության նկատմամբ հետաքրքրությունը նվազում է։ Բայց եթե իշխանություններն, օրինակ՝ անցյալ տարի տեսնում էին, որ զորակոչերի ընթացքում չկան «Ես եմ» ծրագրով դիմումներ, ապա ինչո՞ւ չէին ծրագիրը բարեփոխում, նոր առավելություններ ու արտոնություններ ավելացնում, թե՞ ուղտի ականջում քնած էին, իսկ հիմա որոշել են պայմանագրային ծառայության իրենց տարբերակն առաջ քաշել, որը կոչվելու է «Հայրենյաց պաշտպան»։ Այն նախատեսում է 5 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն, իսկ ծառայության ավարտին զինծառայողներին տրվելու է պատվովճար՝ 5 մլն դրամի չափով, որը զինծառայողը կամ քաղաքացին կարող է տնօրինել իր հայեցողությամբ՝ առանց որևէ պարտադիր պայմանի: Բացի այդ, նշված ծառայության 5 տարվա ընթացքում պայմանագրային զինծառայողների ամսական վարձատրության չափը կազմելու է մինչև 400 հազար դրամ։ Իսկ այդ գումարները հայթայթելու համար նախատեսվում է ներդնել շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն՝ ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով:

Զինծառայողը կարող է 24 միլիոն դրամ վճարել և վաղաժամկետ արձակվել պարտադիր զինվորական ծառայությունից՝ ընդամենը ծառայելով չորսուկես ամիս։ Այս մասով օրենքի նախագիծը շատ ռիսկային է, քանի որ զինված ուժերում ունքը շինելու տեղն աչքն էլ է հանելու, չի բխում բանակի նկատմամբ հանրային վստահության բարձրացումից և նպաստելու է սոցիալական բևեռացվածությանը։ Ուստի օրենքի կիրառման արդյունքում իրականում ունենալու ենք ոչ թե պրոֆեսիոնալ, այլ «բանվորագյուղացիական» բանակ։

Բացի դրանից, վճարով ծառայությունից ազատվելը նշանակում է կոռուպցիոն դրսևորումների օրինականացում, մյուս կողմից էլ՝ 4,5 ամիս ծառայությունը թերի է լինելու, քանի որ այդ ժամկետը բավարար չէ, որ զինծառայողը տիրապետի ռազմական գիտելիքներին ու տեխնիկային։ Մյուս կողմից՝ ֆինանսական հնարավորություններ չունեցող քաղաքացիները, տեսնելով բանակային ծառայության տեսանկյունից դրսևորվող սոցիալական անարդարությունը, փորձելու են ճանապարհներ գտնել ծառայությունից խուսափելու համար, օրինակ՝ արտագաղթելու են կամ քայլեր են ձեռնարկելու, որպեսզի իրենց երեխաները ՀՀ քաղաքացիությունից հրաժարվեն։ Հարկ է նկատել նաև, որ այս նախագծով պետությունը ցույց է տալիս, որ ի վիճակի չէ պայմանագրային զինծառայողներին վճարել ու այնպիսի վիճակի է հասել, որ բանակային ծառայության կրճատումը ենթադրող 24 մլն վճարների կարիք ունի, բայց ինչ վերաբերում է իշխանական ճոխ ծախսերին, պարզվում է, որ գումարներն առատորեն հոսում են։

Փորձագետները նախագծում բազմաթիվ այլ թերություններ ու բացթողումներ ևս տեսնում են։ Թերևս երկրի անվտանգության նկատմամբ նման փնթի մոտեցումը և զինված ուժերի շուրջ տեղի ունեցող անհասկանալի գործընթացները պետք է դիտարկել 4 տարվա ընթացքում բանակը հետևողականորեն քանդելու իշխանությունների ընդհանուր քաղաքականության համատեքստում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ