30 06 2022

Շուշիից դուրս ես գալիս՝ ճանապարհների վերևներին իրենց սնայպերներն են. Շուշիի նախկին քաղաքապետը

Շուշիից դուրս ես գալիս՝ ճանապարհների վերևներին իրենց սնայպերներն են. Շուշիի նախկին քաղաքապետը

«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմի ամենաողբերգական արդյունքներից մեկը Շուշիի հանձնումն էր։ Արցախի ամենաանառիկ բերդը մի օրում հանձնվեց թշնամուն, եւ այդ առեղծվածը մինչ օրս հուզում է հայերին, որովհետեւ փաստ է, որ այն հնարավոր չէր լինի գրավել, եթե չհանձնեին։ Բայց Շուշիի ու Հադրութի հանձնումով ամեն ինչ չավարտվեց՝ պատերազմից հետո մենք այլ տարածքներ էլ հանձնեցինք, հերթը հասել է Աղավնոյին ու Բերձորին։ Մենք զրուցել ենք Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի հետ։


- Հետպատերազմյան օրերից ի վեր, բնականաբար, հետեւում եք, թե թշնամին ինչ է անում օկուպացված Շուշիում, խնդրում եմ պատմեք, թե այսօր ինչ է կատարվում Շուշիում։

- Ադրբեջանական կողմի տեսաերիզների հրապարակումներով որքանով որ տեսնում ենք՝ ահագին բնակելի շենքեր քանդել են։ Հիմա արդեն վարչակազմին կից ինչ-որ կցակառույց են սարքում՝ ոնց որ նիստերի դահլիճ կամ որեւէ նմանատիպ այլ բան լինի։ Բացի դա, մզկիթի հիմք է դրված, մեծ մզկիթ են սարքում Շուշիում։ Նենց շինարարություններ են գնում, որ իրենք ցույց են տալիս, որ կարծես թե ժամանակավոր շինարարություններ են՝ հավաքովի շենքեր են սարքում, երկու հարկանի։ Չգիտեմ, թե ինչի համար է ծառայելու։ Ես ում հետ էլ խոսում եմ, ասում եմ, որ չհուսահատվեն, որովհետեւ հետ ենք վերադարձնելու Շուշին։ Երբ ընտրվեցի քաղաքապետ, ասել եմ, որ մենք հպարտանալու տեղ ունենք, որովհետեւ այսօր մենակ հայն է ապրում Շուշիում ու մենակ հայն է այստեղով քայլում։ Մենք չպիտի միանգամից մոռանանք մեր հայրենի տունը։ Պետք է ձգտենք, որ անցյալով չխոսենք Շուշիի մասին։ Եթե մարդ կա, ով մտածում է, որ չենք վերցնելու Շուշին, Հադրութը, մյուս շրջաններն ու գյուղերը, դա նույնն է, որ մտածի Արցախն ամբողջությամբ պիտի հանձնենք։ Ես այսօր ապրելով Ստեփանակերտում՝ մտածում եմ, որ ժամանակավոր եմ մայրաքաղաքում ապրում, եւ մի օր պիտի բարձրանանք Շուշի, եւ ինչքան շուտ, այնքան լավ։


- Ի՞նչ վիճակում են Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիի հայկական եկեղեցիները։

- Հովհաննես Մկրտիչ եկեղեցին քանդված վիճակում է։ Մի քանի օր առաջ էլ որ անցնում էի այդ կողմով, Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին ցանցապատված վիճակում էր, մի գմբեթը չի երեւում։ Նոր ֆոտոներ էլ չեն գցում իրենք, որ տեսնենք՝ ինչ է կատարվում։

- Ի՞նչ կարծիքի եք Ալիեւի վերջին բարբաջանքների ու հայտարարությունների վերաբերյալ։

- Ալիեւի պատասխանը տվող չկա։ Ալիեւն այն, ինչ որ խոսում է, Հայաստանի իշխանությունն էլ ոնց որ ավելի շահագրգռված է տարածում նրա ասածները։ Մի հատ լավ ջիգյարով պատասխան տվող չկա, թեկուզ ինքը խոսում է Քաշաթաղի, Բերձորի մասին, բա Բերձորը, որ տալիս ենք, այն ժամանակ կռվով մենք վերցրել ենք, դե դու էլ Հադրութն ես կռվով վերցրել՝ Հադրութը մեզ տուր, կամ՝ Քարվաճառը տվել ենք՝ Քարվաճառի փոխարեն մի ուրիշը տուր, Աղդամը տվել ենք առանց կռվի, դրա փոխարեն մի ուրիշը տուր։ Չիտեմ էլ ինչ կեղտոտ բանակցային գործընթացներ են տեղի ունենում։ Անտրամադիր նայում եմ մամուլի որոշ հրապարակումներ, որտեղ խոսվում է, որ պիտի Բերձորը շուտով հանձնվի, Աղավնոն, Սուսոն։ Մենք պիտի պահանջատեր լինենք, եւ մեր պահանջը լինի՝ փոխարենը։

- Խոսվում է, որ Բերձորը պիտի հանձնվի, որ Հայաստան-Արցախ կապը պետք է ապահովվի այլընտրանքային ճանապարհով։ Եթե ադրբեջանական կողմն ակտիվ ճանապարհաշինարարական աշխատանքներ է իրականացնում, ապա հայաստանյան կողմից դեռ ոչ մի շարժ չկա այդ ուղղությամբ։ Ինչո՞ւ։

- Այո, ճիշտ եք, Խնձորեսկի կողմից բացվող որեւէ ճանապարհաշինարարական աշխատանք չի կատարվում։ Իրենք սարքելով գալիս են՝ ավիրելով, բոլոր օգտագործվող այգիներն ավիրել են, հիմա անցնում են Մեծ Շեն գյուղով, այնտեղ մի քանի տուն են քանդում։ Հետո այս ճանապարհը ձմեռը կարող է չօգտագործվի էլ, իրեն էնպիսի թեքություններ ունի։ Բերդաձոր այն ժամանակներին որ գնում-գալիս էինք, ձմռանն այդ ճանապարհը փակվում էր։ Ես չգիտեմ, թե դա ոնց է լինելու։ Բացի դա, այնպես չէ, որ անվտանգ է լինելու ճանապարհը, մեկ է՝ իրենց միջով ենք այդ ճանապարհն անցնելու։ Այն օրը կադրեր են ցուցադրել, որ Քաշաթաղի՝ իրենց կողմից օկուպացված հայկական 6 գյուղերի միջով ենք անցնելու։ Շուշիից դուրս ես գալիս՝ ճանապարհների վերեւներին իրենց սնայպերները դրված են, այդ ժամանակ ավելի է վտանգավոր լինելու։ Բայց դե, ասում եմ, էլի՝ Ալիեւի պատասխանը տվող չկա։ Բերելու են բնակեցնեն էլ այդ գյուղերը։ Այնպես որ, իրենք երկար են մտածել։ Օրինակ՝ 1990-ական թվականներին Ստեփանակերտի ու Ասկերանի մեջտեղը բերել Խոջալու են (Իվանյանը) սարքել եւ նման այլ հայկական գյուղերի մեջտեղները միշտ փորձել են ադրբեջանական գյուղ սարքել, այսօր էլի նույն պատկերն ենք նկատում։

- Այսինքն՝ մտածել են, որ հայկական հողի վրա հային միշտ զգո՞ն պահեն։

- Այո, այդպես է։ Անում են այնպես, որ միշտ բարձունքներն իրենցը լինեն, եւ երբ ուզենան, փակեն ճանապարհը, եւ վերջ։

- Ի՞նչ տրամադրություն ունեն Շուշիի բնակիչները, որտե՞ղ են այս պահին նրանք ժամանակավորապես հանգրվանել։

- Մեծամասնությունը գտնվում է հիմնականում Ստեփանակերտում, Արցախ աշխարհի տարբեր տեղերում՝ Ճարտարում, Մարտակերտում, Մարտունիում, Իվանյանում, Ասկերանում։ Բոլորի տրամադրություններն էլ մարտական են, հավատով, որ պիտի մի օր հայրենի քաղաք վերադառնան։ Չնայած որ, ինչպես բոլորի, այնպես էլ իրենց մոտ անորոշ եւ անտրամադիր վիճակ է, եւ երբ ինձ հանդիպում են, հարցնում են, թե ինչ է կատարվում, ինչ է լինելու, փորձում եմ դուխաթափ չանել, բայց մարդիկ հեռուստացույց են դիտում, իրար հետ են զրուցում, մեկը մյուսին մտքեր է փոխանակում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ