«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավարին` Արմեն Մհերյանին: «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան Մհերյանի մասին: Պարզվում է՝ Մհերյանը մինչ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար նշանակվելը Պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ է զբաղեցրել. վերջերս նա զբաղեցրել է ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալի պաշտոնը: Ավելին՝ Արմեն Մհերյանը, պարզվում է, սեր ունի ավտոմեքենա գնելու եւ վաճառելու հետ, համենայնդեպս, այդպիսի տպավորություն է ստեղծվում նրա՝ 2021 թվականի ունեցվածքի ու գույքի տարեկան հայտարարագրից:
Մհերյանը նախորդ տարի միայն 3 ավտոմեքենա է վաճառել: Ըստ պաշտոնյայի ներկայացրած հայտարարագրի՝ Մհերյանը վաճառել է 2017 թվականի արտադրության Kia մակնիշի ավտոմեքենա 14 հազար դոլարով: Բացի այս, նա 1 մլն 950 հազար դրամով վաճառել է 2014 թվականի արտադրության Kia մակնիշի ավտոմեքենա եւ 14 հազար 500 դոլարով՝ 2012 թվականի արտադրության Ford: Սրան զուգահեռ նկատենք, որ Մհերյանն անցյալ տարի գնել է 2018 թվականի արտադրության Ford 3 մլն դրամով, Vaz` 50 հազար դրամով, Tօyota` 100 հազար դրամով:
Թե ինչպես է պաշտոնյան հաջողեցրել 100 հազար դրամով կամ 50 հազար դրամով ավտոմեքենա գնել, հայտնի չէ: Բայց սա դեռ ամենը չէ. Մհերյանը 2019 թվականին Արաբկիր վարչական շրջանում մեկ բնակարան եւ մեկ ավտոտնակ է գնել, նաեւ մեկ ավտոտնակ Մհերյանն ունի Նոր Նորքում: Բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է 2013 դոլար, իսկ կանխիկ գումար ունեցել է 2 մլն դրամի եւ 32 հազար դոլարի չափով:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը