14 06 2022

Երբ պետք է՝ համակարգը մի պահ «խափանվում» է, որպեսզի մակագրումն արվի ձեռքով, հետո նորից վերականգնվում․ «Հրապարակ»

Երբ պետք է՝ համակարգը մի պահ «խափանվում» է, որպեսզի մակագրումն արվի ձեռքով, հետո նորից վերականգնվում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երբ պետք է՝ խափանվում է Դատարաններում գործերի ավտոմատ էլեկտրոնային մակագրման համակարգը թեեւ «զոռով-շառով» վերագործարկվեց՝ ԱԱԾ-ն վերջապես վերադարձրեց ծրագրի բանալիները, բայց մինչ օրս նորմալ չի աշխատում։ ԲԴԽ-ից խոստովանեցին, որ դեռ խափանումներ առաջանում են։ Ուշագրավ է, որ այդ խափանումները հատկապես քաղաքական գործիչներին վերաբերող դատավարությունների ժամանակ են առաջանում, երբ պետք է այս կամ այն ընդդիմադիր գործչի քրեական գործի քննությունը մակագրել իշխանությանն «առընթեր» ու կանխատեսելի դատավորի։

Դրա համար էլ համակարգը մի պահ «խափանվում» է, որպեսզի մակագրումն արվի ձեռքով, հետո նորից վերականգնվում։ «Մենք մայիսի 5-ին հայտարարություն տարածել ենք գործարկման մասին, այնտեղ նշել ենք, որ հնարավոր է՝ որոշակի խափանումներ, անճշտություններ լինեն, մինչեւ կվերականգնվի նաեւ դա»,- ասաց Բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Լիլիթ Շաբոյանը՝ նշելով, որ այս պահին էլ «որոշակի անճշտություններ» լինում են, բայց ամբողջական համակարգը գործում է։

Նա նաեւ նշեց, որ իրենք գումար են հատկացրել համակարգի վերագործարկման համար, իսկ նոր համակարգ ներդնելու համար նախկինում քննարկումներ են ունեցել․ «Բայց քանի որ հրատապություն էր առաջացել՝ էս համակարգը վերագործարկելու, արդեն եղածը գործարկեցինք»։ Իսկ ինչո՞վ է պայմանավորված, որ համակարգի մեկ տարի կանգնելուց ու վերագործարկվելուց հետո հանկարծ սկսել են խափանումներ առաջանալ, մինչդեռ նախկինում նման խնդիրներ չէին լինում։

Շաբոյանն այսպիսի տեխնիկական բացատրություն տվեց․ «Համակարգը վեց ամսից ավել չէր գործում, ու, բնականաբար, միանգամից գործարկելն ու ինֆորմացիոն ամբողջական հոսքը սերվերների վրա ապահովելը բավականին բարդ է, ու անճշտություններ, բնականաբար, կլինեն՝ ծրագրային խնդիրներ են»։ Իսկ կարո՞ղ է այդ անճշտություններն առաջանում են հենց այն պահին, երբ քաղաքական բնույթի գործեր պետք է քննվեն։ «Չէ, նման խնդիր չկա»,- կարճ արձագանքեց ԲԴԽ խոսնակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ