07 06 2022

Պետական ռեսուրսներն օգտագործվում են միայն սեփական աթոռները պահելու համար. «Փաստ»

Պետական ռեսուրսներն օգտագործվում են միայն սեփական աթոռները պահելու համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Համավարակի բռնկումների, ուկրաինական հակամարտության, ՌԴ-ի դեմ պատժամիջոցների, էներգետիկ ճգնաժամի և մատակարարման շղթաներում առաջ եկած խնդիրների պատճառով մասնագետների շրջանում ավելանում են մտահոգությունները համաշխարհային տնտեսության կենսագործունեության համար նոր վտանգների շուրջ։ Անգամ մի շարք հայտնի բանկերի ու ֆինանսական կառույցների վերլուծաբաններն արդեն իսկ զգուշացնում են սպասվող տնտեսական փոթորիկի մասին, որն, ի տարբերություն նախկինում եղած ճգնաժամերի, կարող է աննախադեպ բնույթ և մասշտաբներ ստանալ։

Այսպիսի եզրակացությունների համար հիմք է դառնում նաև այն հանգամանքը, որ համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացներն աչքի են ընկնում անկայունությամբ և կտրուկ փոփոխություններով։ Ընդ որում, ամենամեծ սպառնալիքը ահռելի գնաճն ու պարենային ապահովության խնդիրն է։ Խոսվում է նաև այն մասին, որ կտրուկ աճելու է աղքատության մակարդակը, իսկ միլիոնավոր մարդիկ՝ հատկապես զարգացող և հետամնաց երկրների բնակիչները, կարող են ուղղակի սովի մատնվել։ Հենց դրանով է պայմանավորված, որ տարբեր երկրների կառավարություններ հիմիկվանից փորձում են միջոցներ ձեռնարկել, վերապրոֆիլավորել տնտեսությունը և գումարներ ուղղել տնտեսության առավել խոցելի շրջանակներ և սոցիալական ոլորտ, որպեսզի թույլ չտան բնակչության կենսամակարդակի կտրուկ իջեցում։ Քանի որ համաշխարհային տնտեսության բոլոր օղակները փոխկապակցված են միմյանց, ապա աշխարհում տեղի ունեցող գործընթացների տրամաբանությունից ելնելով՝ բացառված չէ, որ Հայաստանը ևս կարող է շատ շուտով հայտնվել շատ խոցելի վիճակում։ Առանց այն էլ մեր երկրում սոցիալական լարվածությունը շատ բարձր աստիճանի է։

Եվ եթե հաշվի ենք առնում գնաճային ֆոնը, ապա մեր տնտեսության մեջ գրանցված աճի էֆեկտը գրեթե զրոյացվում է։ Սակայն դա չի խանգարում, որ իշխանությունները բավարարվեն՝ հպարտանալով, թե տնտեսության մեջ աճ է գրանցվել, ու շարունակեն վայելել իրենց պաշտոնները՝ չմտածելով առաջիկայում հնարավոր զարգացումների մասին, որոնք կարող են լուրջ բացասական ազդեցություն ունենալ երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վրա։ Այսինքն, գործողություններ չեն ձեռնարկվում սպասվող ցնցումներին դիմակայելու և բնակչության՝ գոնե եղած կենսամակարդակը պահպանելու ուղղությամբ, քանի որ բարելավման մասին խոսելն այս իշխանությունների օրոք պարզապես աբսուրդային կլինի։ Չէ, որոշ քայլեր, իհարկե, արվում են, այն էլ՝ նկատելի քայլեր:

Բայց... միայն իշխանական հատվածի կենսամակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Բարձրաստիճան պաշտոնյաները արտոնյալ վիճակում են, քանի որ նրանք անհամեմատ բարձր աշխատավարձեր են ստանում՝ հսկայական չափերի հասնող պարգևավճարների հետ մեկտեղ, որից զրկված են սովորական աշխատողները։ Վերջերս էլ իշխանություններն իրենց ծառայություն մատուցելու ու ընդդիմությանը ճնշելու համար հսկայական չափերով պարգևավճարներ են բաժանում իրավապահ համակարգի ներկայացուցիչներին այն պարագայում, երբ պետական համակարգի տարբեր օղակներում իրենց աշխատանքը բարեխիղճ կատարող մարդիկ նույն կերպ պարգևատրման չեն արժանանում։ Այսինքն, այս իշխանությունները պետական ռեսուրսներն օգտագործում են ոչ թե ի շահ պետության, այլ բացառապես սեփական աթոռները պահելու համար, իսկ այս ընթացքում քաղաքացիների վիճակն ավելի է բարդանում, որովհետև մեկը մյուսի հետևից թանկանում են կոմունալ ծառայություններն ու առաջին անհրաժեշտության ապրանքները։ Փոխարենը՝ իշխանությունները դեռևս որոշակի կայունություն են ապահովում միայն Հայաս տ անի պետ ակ ա ն պարտքն անընդմեջ ավելացնելու շնորհիվ։

Որոշ երկրներում (օրինակ՝ Թունիս, Իրան, Պերու) արդեն սոցիալական պատճառներով բազմահազար մարդիկ դուրս են գալիս փողոց, իսկ մեզ մոտ հանրությանն այնպես են մանիպուլացրել ու «պայծառ ապագայի» մասին ստերով կերակրել, որ պետք է դանակը ոսկորին հասնի, որից հետո հասարակության լայն զանգվածներ դուրս գան փողոց: Այն ժամանակ այլևս ոչինչ չի փրկի:

Թեպետ, անկեղծ ասած, դժվար է ասել, թե պատերազմում փաշինյանական խայտառակ պարտությունից, հազարավոր զոհերից, հսկայական տարածքների կորստից, հիմա արդեն Հայաստանին սպառնացող անվտանգային խնդիրներից առավել ի՞նչ պետք է լինի, որ համարենք՝ «դանակը ոսկորին է հասել»: Մի՞թե սոսկ սոցիալական խնդիրների ծայրահեղ խորացումը, որն, ինչպես ասում են, «յոթ սարերի հետևում» չէ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ