10 05 2022

Բոլոր ուժայիններով հազիվ 2 տասնյակ սադրիչ էին գտել․ «Հրապարակ»

Բոլոր ուժայիններով հազիվ 2 տասնյակ սադրիչ էին գտել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 8-ին ընդդիմության ավտոերթը՝ դեպի Գյումրի եւ հանրահավաքը խափանելու համար իշխանությունը մեծ ուժեր էր մոբիլիզացրել։ Մեր աղբյուրներն ասում են, որ նախնական հաշվարկ են արել եւ հասկացել, որ միայն մարզային իշխանությունների ուժերով՝ մարզպետի գլխավորությամբ, չեն կարող հաջողացնել այդ օպերացիան եւ մեկ օր առաջ Շիրակի մարզ են մեկնել ուժային կառույցների ղեկավարները։ Մասնավորապես ծնունդով Հոռոմ գյուղից գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ինչպես նաեւ շիրակցի ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը, որը Անդրանիկ Քոչարյանի մտերիմներից է եւ նրա ջանքերով է Ռազմական ոստիկանության պետ նշանակվել։ Որոշել են մարդիկ ուղարկել ճանապարհը փակելու եւ դրա համար օգտագործել իրենցից կախման մեջ գտնվող գերիների հարազատներին եւ մի խումբ իշխանամերձ երիտասարդների, որոնց կոորդինացրել է Քոչարյան-Զաքարյան զույգը։

Ի դեպ, մի քանի օր առաջ նշված երկուսը խորհրդարանում քննարկում էր ընդդիմության ցույցերին մասնակցող երիտասարդներին սահման ուղարկելու հարցը։ Սակայն որքան էլ ջանացել էին հազիվ երկու տասնյակ մարդ էին կարողացել հանել ընդդիմության դեմ, ինչը իշխանության ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցների միջոցով փորձեցին ուռճացնել եւ ներկայացնել, թե «Գյումրին մերժեց ընդդիմադիրներին»։ 

Իշխանականների պահվածքը հուշում է, որ նրանք արդեն լրջորեն անհանգստացած են եւ զբաղված են փողոցի պայքարի դեմ հակաքայլեր մշակելու գործով, որ կանխեն իշխանափոխությունը։ Ի դեպ, սադրիչ խմբերի հետ աշխատել են նաեւ Շիրակի մարզպետարանի որոշ աշխատակիցներ, իսկ կադրերում երեւում էր մարզպետի եղբայրը, որը օրեր առաջ խռովել՝ դիմում էր գրել, կնոջը գործից ազատելու պատճառով, հետո դիմումը հետ է վերցրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ