19 04 2022

Հանրային մտածողության որակը փոխելու անհրաժեշտությունը. «Փաստ»

Հանրային մտածողության որակը փոխելու անհրաժեշտությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․Ելնելով առկա անելանելի անվտանգային վիճակից՝ ընդդիմությունը տվեց հանրային ընդվզման նոր ալիքի առաջնորդման մեկնարկը, որը, ընդդիմադիրների հավաստմամբ, ունենալու է տարբեր դրսևորումներ, այդ թվում՝ ցանցային, ապակենտրոն պայքարի, նաև հանրահավաքների տեսքով: Նախօրեին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, Ազատության հրապարակում նստացույց սկսելով, հայտարարեց անժամկետ բողոքի գործողությունների սկզբի մասին։ Նա քաղաքացիներին կոչ արեց համախմբվել և միասին պայքարել հանուն Հայաստանի, հանուն Արցախի և հանուն հայ մնալու։ Եվ բազմաթիվ մարդիկ ու քաղաքական ուժերի ներկայացուցիչներ միացան բողոքին։ Ինչպես երևում է, առաջիկա մեկ ամսվա ընթացքում բավականին խորքային գործընթացներ ու խմորումներ են ընթանալու։

Սակայն այսօր ընդվզման, հաջողության հասնելու, օրվա իշխանություններից ձերբազատվելու, այսինքն՝ Հայաստանի ու Արցախի փրկության տեսակետից առաջնային խնդիրը վերաբերում է հանրային ընկալումներին, որի ուղղությամբ կոնկրետ աշխատանք պետք է տարվի, որպեսզի քաղաքացիները խորությամբ ըմբռնեն Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի բարդությունը և պայքարելու անհրաժեշտությունը։ Ներկայումս Հայաստանի իշխող քաղաքական ուժի կողմից այնպիսի հայտարարություններ են հնչում, որ եթե տարիներ առաջ այդպիսի մտքեր արտահայտվեին, ապա նման ձևակերպումների հեղինակները ոչ միայն մեկ օր ավելի չէին մնա իշխանության, այլև հանրային հուժկու պարսավանքի կենթարկվեին։ Իսկ հիմա, կարծես, հանրության մի զգալի մասի կողմից որևէ բուռն հուզում կամ պոռթկում չկա, երբ այս իշխանությունները նրանց բաց, բառացի ասում են, որ Հայաստանի տիրապետության տակ ևս ադրբեջանական տարածքներ են գտնվում, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, որ պատերազմը կանխելու դեպքում նույն արդյունքն էր լինելու, ուղղակի առանց զոհերի և այլն։

Զուգահեռ՝ Փաշինյանն ու իր թիմակիցներն իրենց պաշտոնավարումը երկարաձգելու համար լծվել են հակառակորդի պահանջներին ընդառաջ գնալու գործին՝ պատճառաբանելով, որ այլապես ավելի վատթար վիճակում ենք հայտնվելու և «ընտրությունը» ներկայացնելով վատի ու վատագույնի միջև։ Բայց այս գործելակերպը նոր չէ, տարիներ շարունակ հետևողականորեն հասարակության ենթագիտակցության վրա ազդել են, քիչ-քիչ այնպիսի գաղափարներ կաթեցրել հանրային գիտակցության մեջ, թե Ղարաբաղը բեռ է, ամբողջ միջազգային հանրությունն այդ հարցով Հայաստանի դեմ է, Ղարաբաղի պատճառով Հայաստանը չի կարողանում դուրս գալ շրջափակումից և զարգանալ, դրա արդյունքում էլ տնտեսության վիճակը ծանր է և այլն, և այլն։ Գումարած՝ որ հաղթողներն ու հաղթանակը պահողները հենց պարտության հիմքն են դրել: Պատահական չէ, որ այսօր էլ քպական «հանճարեղ» գլուխներից մեկը նույն տրամաբանության մեջ հայտարարում է, թե Տիգրան Մեծը դրեց ծովից ծով Հայաստանի կործանման հիմքը: Իմաստը հասկանալի է, չէ՞... Եթե ժամանակին մենք Արցախյան պատերազմում չհաղթեինք, այսօր այսպես չէր լինի:


Ցանկացած բանական, գիտակից մարդ հասկանում է նման թեզերի անհեթեթությունը, բայց փաստը մնում է փաստ, որ նման թեզեր շրջանառողները շատ լավ հասկանում են դրանց ազդեցության աստիճանը մեր հասարակության որոշակի շերտերի վրա: Արդյունքում, տարիներ շարունակ ու նաև հիմա այսպիսի թեզերի շրջանառության համար հատուկ միֆականացված պատմություններ էին (ու են) հորինվում, և աստիճանաբար բացվում էր Օվերտոնի պատուհանը։ Հանրային մտածողությունն այլասերելու քարոզչական խայծերը համատարած դարձան հատկապես 2018 թվականի իշխանափոխությունից հետո, երբ վերոնշյալ քարոզչության առաջամարտիկները եկան իշխանության, որի արդյունքում նվազեցվում էր Արցախյան գոյամարտի կարևորությունը և այն համեմատության մեջ դրվում իրենց «հեղափոխության» հետ ու Արցախն ընդհանրապես ներկայացվում որպես «հակահեղափոխության կենտրոն», որտեղից ռևանշիստական ձգտումներ են նկատվում։

Պատահական չէր նաև, որ Արցախի և Հայաստանի հարաբերություններում լարվածություն էր տիրում։ Իսկ պատերազմից հետո իշխող քաղաքական թիմի կողմից լրատվական ու հանրային դիսկուրս ներմուծվեցին պարտվողականությունն ամբողջովին արդարացնող և ադրբեջանա-թուրքական պահանջները լեգիտիմացնող արտահայտություններ, ելույթներ ու հայտարարություններ։ Այդպես, օրինակ՝ Շուշին անվանվում էր ադրբեջանական տարբերակով՝ Շուշա, հայկական հողերը՝ անպիտան, ամայի տարածքներ, Քարվաճառը մերը չի եղել և այլն։ Ավելին՝ Փաշինյանը նախընտրական քարոզչության ժամանակ հստակ ասում էր, թե ինքը հպարտ է Հայաստանի կրած պարտությամբ։ Զարմանալի չէ նաև, որ ներկայիս իրավիճակում պարտվողական քարոզչության դրսևորումները ավելի են սաստկանում՝ հասնելով այնպիսի մի աստիճանի, որ իշխանական ներկայացուցիչները լրատվական դաշտը հեղեղում են հակահայկական հայտարարություններով, թե Արցախյան շարժումը սխալ էր, իրավունք չունենք ասել՝ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, մեր ժողովուրդը մատաղացու գառ չէ և այլն։ Ու որպեսզի այսպիսի թեզերը հանրության շրջանում ավելի հեշտ մարսվեն, դրանք համեմվում են անլրջությամբ, ծիծաղելի արտահայտություններով։

Առաջին հայացքից շատերին կարող է թվալ, թե քպականներն առանց մտածելու անլուրջ հայտարարություններ են անում։ Բայց իրականում այդպես չէ, քանի որ գործում է հատուկ հանրային գիտակցության վրա ազդելու համակարգ, որի արդյունքում որոշ ժամանակ անց շրջանառության մեջ դրված հակահայկական դիրքորոշումները և արտահայտությունները կարող են նորմալ ընկալվել մարդկանց կողմից։ Իսկ դրա արդյունքում, իրենց ակնկալությամբ, կկոտրվի հանրային դիմադրությունը և հնարավոր ընդվզումը, որի դեպքում քաղաքացիները ջանքեր չեն գործադրի իրավիճակը փոխելու ուղղությամբ։ Սրանով իսկ վերջնականապես կամրագրվի Հայաստանի ու Արցախի տոտալ կապիտուլ յացիան։ Ըստ այդմ, այսպիսի ֆոնի ներքո առավել առաջնային է դառնում հանրային մտածողության որակը փոխելու, իրականության հետ հասարակությանը հստակ առերեսելու անհրաժեշտությունը, որպեսզի մեր քաղաքացիները մի կողմից՝ մանիպուլ յացիաների զոհ չդառնան, այլ գիտակցեն, որ առաջնայինը մեր պետության շահն է, մյուս կողմից՝ որևէ մեկը չվախենա ընդունել, որ ինչ-որ պահի սխալվել կամ մոլորվել է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ