«Փաստ» օրաթերթը գրում է․ Պետության զարգացման ու հեռանկարների տեսանկյունից դրա ներսում արժեքային համակարգը յուրահատուկ նշանակություն ունի։ Դրա շնորհիվ է, որ քաղաքացիները հետևում են որոշակի չափանիշների ու տեղի ունեցող գործընթացները գնահատում դրա շրջանակներում։ Օրինակ՝ արժեքային համակարգի լույսի ներքո է ձևավորվում այն ընկալումը, թե ովքեր են իրենց գործի վարպետները, հերոսները կամ պետության նվիրյալները, որոնք անգնահատելի ձառայություններ են մատուցել երկրին, և նրանց վարքագիծը պետք է ընդօրինակելի լինի մյուսների՝ մասնավորապես մատաղ սերնդի համար։
Փաշինյանի իշխանության օրոք արժեքային համակարգը շարունակաբար հետևողականորեն վարկաբեկվել է, քանի որ ամեն ինչ արվել է եղած արժեքները մեծ թափով քայքայելու և ամեն ինչ համահարթեցնելու համար՝ փոխարենը ներդնելով սեփական «արժեքները», որոնք մերժում են ազգայինն ու բարոյականը, «արժեքներ», որոնք ինքնին մերժում են արժեքային համակարգը։ Օրինակ՝ որևէ անձ մի պահի կարող է հերոսացվել այն կոնտեքստում, որ անգնահատելի ավանդ է ներդրել ու ծառայություններ մատուցել պետությանը (սրա մասին՝ քիչ ներքևում), իսկ հաջորդ օրը այդ նույն անձը կարող է դառնալ հակահերոս, թալանչի կամ կոռուպցիոներ։ Անգամ հակառակը կարող է տեղի ունենալ, երբ օլիգարխի, թալանչիի կամ կոռուպցիոների համարում ունեցողը կարող է իշխանական քարոզչամեքենայի միջոցով մաքրվել, դառնալ «սպիտակ», իշխանական թիմի անդամ, անգամ բարձր պաշտոնի նշանակվել, պատգամավոր դառնալ ու խոսել արդարությունից և «հեղափոխական» արժեքներից։
Այսինքն, այստեղ փաստացի խոսք չի էլ կարող լինել պետությանը մատուցած ծառայությունների մասին, այլ բացառապես Նիկոլին ծառայելու և հպատակվելու պատրաստակամության: Միևնույն ժամանակ, անհասկանալի է, թե ընդհանրապես ինչպիսի արժեհամակարգ է գործում պետական կառավարման մեխանիզմում։ Իշխանությունները ժողովրդի կողմից քվե են ստացել արդյունավետ կառավարում իրականացնելու ու հանրային պահանջները բավարարելու համար, բայց Փաշինյանն իր կադրային քաղաքականության իրականացման հարցում որևէ ձևով հաշվի չի առնում հանրային կարծիքն ու արդյունավետության չափանիշը։ Դրա արդյունքում իրենց պատասխանատվության ոլորտը ձախողած պաշտոնյաները կարող են շարունակել պաշտոնավարել կամ նույնիսկ առաջխաղացում ունենալ։
Իսկ այն պաշտոնյաները, որոնք թեկուզ փոքրիշատե գլուխ են հանում իրենց ոլորտից, շատ շուտով հեռացվում են կամ տեղափոխվում մի այնպիսի բնագավառ, որն իրենց մասնագիտական տիրույթից դուրս է։ Նշանակումների հարցում կադրերի պրոֆեսիոնալության աստիճանը և փորձը ընդհանրապես երկրորդ պլան են մղվել, քանի որ Փաշինյանը առաջնահերթությունը տալիս է նրան, որ իր թիմակիցներին, որոնք միշտ կիլոմետրերով հեռու են եղել կառավարումից, լցնի պետական կառավարման համակարգ։ Ընդ որում, նորից շեշտենք, կարևորը՝ ստրուկի հոգեբանությամբ իր իղձերն իրականացնելն է և թեկուզ ամենակործանարար որոշումներն արդարացնելը:
Այդ մարդկանցից շատերը «փաբակումբային մշակույթի» կարկառուն ներկայացուցիչներ են, որոնք կառավարման համակարգը դիտարկում են որպես պաշտոնները վայելելու վայր։ Իսկ եթե Փաշինյանի կողմից կատարված հախուռն նշանակումների վերաբերյալ հանրությունը հարցեր է բարձրաձայնում, վերջինս միայն մեկ պատասխան ունի, թե դրանք կատարում է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Եվ սա այն հազվագյուտ դեպքերից է, որ նա չի ստում. Փաշինյանն իսկապես միայն քաղաքական նպատակահարմարությունից ելնելով է նշանակումները կատարում, ինչի արդյունքում այնպիսի վիճակ է ստեղծվել, որ պետական կառավարման համակարգում պաշտոնների նշանակված կամ պատգամավոր դարձած մարդկանց ճնշող մեծամասնությունը քաղաքական իմաստով ուսապարկի կարգավիճակից ցածր է գտնվում, ինչի մասին, ի դեպ, ոչ թե մենք, այլ հենց քպականներից մեկն էր ասել։
Ու բնական է, որ հարկատուների հաշվին բարգավաճող «ուսապարկերը», ըստ էության, բացի անիմաստ ու մեծամիտ հայտարարություններ անելուց, ինքնագովությունից և ընդդիմության վրա հոխորտալուց, ոչնչի ընդունակ չեն երկրի շահերը պաշտպանելու տեսանկյունից։ Օրինակ՝ ՔՊ խորհրդարանական խմբակցությունը Արցախում հակառակորդի կողմից իրագործվող հանցագործություններն աշխարհին ի ցույց դնելու և դրա մասին տարբեր հարթակներում որոշումներ անցկացնելու փոխարեն սեփական փիառի համար ԵԽԽՎ-ում Հայաստանի նշանակալի ժողովրդավարական առաջընթացի մասին էր բանաձև անցկացնում։
Սակայն այսպիսի գործելակերպը ոչ միայն արտաքին ճակատին է վերաբերում, այլև ներքին խնդիրներին, որոնք լուծվելու փոխարեն խորանում են՝ երկիրը ձգելով դեպի անդունդ։ Պետությունը համակարգային ու սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեջ է, գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում, բայց ամենաառանցքային խնդիրներով զբաղվելու փոխարեն իշխանական կառավարիչները խոսում են մանրմունր հարցերի, օրինակ՝ աղամանների ու ծխախոտի դեմ պայքարի մասին։ Ժամանակին Փաշինյանն ասում էր, թե այն մարդիկ, ովքեր խոսում են կառավարության պրոֆեսիոնալության պակասից, իրենք չեն տիրապետում Հայաստանի պրոբլեմների խորությանը։ Ժամանակը ցույց տվեց, որ Փաշինյանին ո՛չ պրոֆեսիոնալիզմն է հետաքրքիր, ո՛չ էլ երկրի պրոբլեմները, այլ միայն աթոռը, որի համար ամեն ինչի պատրաստ է, ԱՄԵՆ ԻՆՉԻ...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը