09 04 2022

Ի՞նչ գործընթացներ են Արցախի շուրջ․ «Փաստ»

Ի՞նչ գործընթացներ են Արցախի շուրջ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Տևական ժամանակ է՝ փորձագետներն ու քաղաքական գործիչները (հասկանալի է՝ բացառությամբ իշխանամերձ շրջանակների) զգուշացնում են, որ այս իշխանությունները Արցախից ձեռքները լվացել են և Արցախը դուրս թողել գործընթացներից: Բրյուսելյան հանդիպումից հետո այս խոսակցություններն առավել առարկայական դարձան: «Ըստ էության, Բրյուսելում խաղաղության բանակցությունների մեկնարկն էին փորձում ապահովել, որի հիմքում դրվել են Ադրբեջանի ներկայացրած 5 կետերը: Այդ կետերից առաջին երեքն առնվազն վկայում են այն մասին, որ եթե ՀՀ-ն համաձայնի դրանց հետ, այսպիսով հրաժարվում է Արցախից, ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հրաժարվում է տարածքային պահանջներից այսօր և ապագայում, հրաժարվում է միջազգային կազմակերպություններում Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը բարձրացնելուց:

Մեծագույն մարտահրավեր է, որ, մեծ հաշվով, Հայաստանի ու Արցախի շահերն այս գործընթացում ներկայացված ու ապահովված չեն»,- «Փաստի» հետ զրույցում ասում է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը: Իշխանությունների այս քաղաքականությունը յուրովի «ոռոգում» են ակնհայտ ու ծպտյալ իշխանամերձ շրջանակները: Ի մասնավորի, երեկ ԱԺԲ-ի կողմից պղծվել է Ֆրանսիայի հրապարակում տեղադրված Արցախի դրոշը: Անկախ ներկայացված պատճառաբանություններից, փաստը մնում է փաստ, որ ոտնձգություն է կատարվել Արցախի պետական խորհրդանիշներից մեկի նկատմամբ, ինչը, մեղմ ասած, բուռն հակազդեցություն էր առաջացրել սոցցանցերում:

Ի դեպ, երեկ օպերատիվորեն ՀՅԴ երիտասարդները փոխեցին դրոշը, իսկ օրվա ընթացքում մենք տեղեկություններ էինք ստանում, որ Հայաստանի տարբեր բնակավայրերի կենտրոնական հատվածներում բարձրացվում է Արցախի պետական դրոշը: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հրապարակում Արցախի դրոշը տեղադրվել էր ընդդիմության կողմից, ինչը համարվում է խորհրդանշական, քանզի, փորձագետների համոզմամբ, 2018 թվականին հենց այստեղից սկսվեց Արցախի դրոշի «իջեցման գործընթացը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ