05 04 2022

Որքանո՞վ է մեր հասարակությունն ընկալունակ իրական սպառնալիքներին արձագանքելու հարցում. «Փաստ»

Որքանո՞վ է մեր հասարակությունն ընկալունակ իրական սպառնալիքներին արձագանքելու հարցում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Այսօր Ազատության հրապարակում ընդդիմությունը հանրահավաք է հրավիրել, ինչն ինքնին նշանակում է քաղաքական գործընթացների ակտիվացման նոր փուլ։ Պետք է ընդունել, որ այսօրվա հանրահավաքը տեղի է ունենում առանձնահատուկ պայմաններում, քանի որ ներկայումս Արցախին և Հայաստանին սպառնացող վտանգն իրապես ծայրահեղ աստիճանի է հասել։

Եվ նույնիսկ իշխանություններն են խոստովանում, որ Ադրբեջանը փորձում է հիմքեր ստեղծել լայնամասշտաբ հարձակում սկսելու համար։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանի ու իր «թիմի» պատճառով հասել ենք մի ծանրագույն ջրբաժանի, որից այն կողմ արդեն պետականության կործանումն է։ Եվ կարելի է պատկերացնել, թե համապատասխան քայլեր չձեռնարկելու արդյունքում ինչպիսի իրավիճակում կարող է հայտնվել Հայաստանը, մանավանդ որ Ադրբեջանը հետևողականորեն առաջ է մղում իր կողմից ներկայացված 5 կետերի հիման վրա հաշտության պայմանագրի կնքման հարցը։ Ուշագրավ է նաև, որ ընդդիմության հանրահավաքը տեղի է ունենում ապրիլի 6-ին Բրյուսելում սպասվող Ալիև-Փաշինյան հանդիպման նախօրյակին, որտեղ հնարավոր է, որ, այսպես կոչված, հաշտության ու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մեկնարկը տրվի։ Եվ հայ հանրությունն այսօր հնարավորություն ունի ցույց տալ իր միակամությունը, որի դեպքում նույնիսկ զիջումների հակված իշխանությունները կբախվեն համաժողովրդական դեմադրության։

Այլ խոսքերով ասած՝ սա ոչ թե առանձին քաղաքական գործիչների կամ կուսակցությունների հարց է, այլ համազգային գոյաբանական խնդիր, որը համախմբում և միասնական մոտեցում է պահանջում։ Եվ պատահական չէ, որ «Հանուն Արցախի և Հայաստանի» խորագրով հանրահավաքը նախաձեռնած խորհրդարանական «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն իրենց հայտարարութան մեջ նաև համախմբման կոչ էին հղել ընդդիմադիր քաղաքական այլ ուժերի և, ընդհանրապես, հասարակության իրական ընդդիմադիր հատվածին։ Մյուս կողմից էլ, ելնելով իրավիճակի սրությունից, հասկանալի է, որ ընդդիմությունը միայն մեկ հանրահավաքով չի սահմանափակվելու, ուղղակի առաջին հավաքով սկսվելու է շարժման մեկնարկը։ Այսինքն, ամենայն հավանականությամբ, պետք է պայքարի պատրաստվել՝ անկախ դրա տևողությունից, մինչև կարելի կլինի «տեղ հասնել»:

 

Ըստ այդմ, միամտություն է կարծել, թե ընդամենը մեկ հանրահավաքով որևէ լուրջ հարց է լուծվելու։ Իհարկե, մեր հասարակության մեջ քիչ չեն նրանք, ովքեր միշտ էլ ակնթարթային փոփոխություններ են ակնկալում, իսկ երբ դա տեղի չի ունենում, հիասթափվում են։ Սակայն հարցն այն է, որ ոչ մի գործողություն չպետք է լինի ինքնանպատակ։ Իր հերթին ընդդիմությունն իր ձեռնարկումները նախաձեռնելիս պետք է ելնի ոչ թե հուզական պոռթկումներից, այլ հստակ հաշվարկներ իրականացնի, թե ինչպիսի քայլերի հաջորդականությամբ է գործելու, ինչ պլաններ ունի երկարաժամկետ և կարճաժամկետ հեռանկարում։ Կարևոր է նաև հստակ ձևակերպել, թե իշխանությունների առջև կոնկրետ ինչ պահանջներ են դրվելու, ինչ ուղերձներ են հղվելու միջազգային հանրությանը։

Մյուս կողմից՝ պետք է նկատի ունենալ, թե ընդդիմության պահանջները չիրականացնելու դեպքում ինչ գործողություններ են սպասվում խորհրդարանից դուրս, քանի որ ԱԺ-ում իշխանությունները միշտ արգելափակում են ընդդիմության նախաձեռնությունները։ Այսինքն, հարկ է, որ ընդդիմությունը կոնկրետ բովանդակային ասելիք ու անելիք ունենա և որոշակի ելքեր առաջարկի։ Հաջորդ կարևոր հարցը. այս հավաքի նախաձեռնությունը պատասխան է այն մեղադրանքներին, թե ինչու ընդդիմությունը քայլեր չի ձեռնարկում։ Հիմա ընդդիմությունն իր քայ լը կատարում է, բայց սկսված գործընթացը չի կարող միակողմանի լինել, քանի որ հանրությունը ևս իր քայլը պետք է անի՝ ակտիվորեն մասնակցելով ընդդիմության սկսած գործընթացին։ Բազմոցներին նստած կամ ստեղնաշարի առջև պահանջներ դնելն ու բողոքելը լավագույն ճանապարհը չէ: Եվ այս առումով այսօրվա հավաքը լակմուսի թուղթ կարող է լինել, թե որքանով է հասարակությունն ընկալունակ իրական սպառնալիքներին արձագանքելու հարցում։ Եվ ընդհանրապես, բնականաբար, առաջնային նշանակություն ունի հանրության տարբեր հատվածների մտածողությունն ու գիտակցականությունը։ Խոսքն, իհարկե, հանրության այն շերտերի մասին է, որոնք քաջություն ունեն իրավիճակը սթափ գնահատել, հասկանալ իրական սպառնալիքները:

Եվ հասարակությունն, ըստ այդմ, ընդդիմության միջոցով պետք է հաշիվ պահանջի իշխանություններից, իսկ անհրաժեշտության դեպքում պարզապես «տուն ճանապարհի» նրանց: Բոլոր ժամանակներում, բոլոր երկրներում անտարբերությունը ամենամեծ թշնամին է, այն շարունակաբար նպաստում է պետականության թուլացմանը: Հաճախ հասարակության, հատկապես հասարակության էլիտայի անտարբերությունն է հանգեցնում այնպիսի վիճակների, երբ հանկարծ երկիրը հայտնվում է անդունդի եզրին: Ուրեմն, այն, թե այսօր մեկնարկող պայքարը կարո՞ղ է գործի դնել հաջորդ կապիտուլ յացիան կանխելու արգելակները, կախված է նաև հավաքներին մարդկանց մասնակցության, տրամադրվածության և ակտիվության հանգամանքներից՝ անկախ որևէ քաղաքական ուժի կամ անձի նկատմամբ վերաբերմունքից։ Այս պարագայում կշեռքի նժարին երկրի վաղվա օրն է: Հետո ափսոսալու, փոշմանելու համար կարող է շատ ուշ լինել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ