«Առավոտ» թերթը գրում է․ «Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձեւավորել»,-կառավարության մարտի 31-ի նիստում հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Առավոտն» այս իրավիճակում ընդդիմության դերի եւ անելիքների մասին զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ:
Պատգամավորից հետաքրքրվեցինք՝ ո՞րն է «ի՞նչ անել» հարցի իրենց պատասխանը։ «Հասկանում եմ, որ հաճախ բոլոր սլաքներն ուղղվում են ընդդիմությանը։ Երբեմն նույնիսկ իշխանության ողջ պատասխանատվությունն են փորձում գցել ընդդիմության վրա»,-նախ նկատեց Էլինար Վարդանյանը։ Ապա շարունակեց. «Այո, ընդդիմությունը երբեմն հապաղում է, երբեմն հասարակության հետ շատ ակտիվ աշխատելու հարցում միգուցե թերանում է, բայց դա ամենեւին չի նշանակում, թե իշխանության սխալ եւ ճակատագրական քաղաքականության համար հենց իշխանությունը չէ, որ պատասխանատու է։ Ընդդիմությունը պետք է վերաիմաստավորի իր քայլերը։ Տեղյակ եմ, որ ընդդիմության մանդատները վայր դնելու խոսակցությունները կան դեռեւս նախորդ տարվա օգոստոսից։ Մեկ անգամ էլ ասեմ՝ այն պահին, երբ ճիշտ եւ անհրաժեշտ կլինի վայր դնել մանդատները, ապա ընդդիմությունը տվյալ պահին միահամուռ կանի դա։ Այս պահին մանդատները վայր դնելը չի ստեղծի քաղաքական ճգնաժամ, որովհետեւ մեր սահմանադրությունը նման իրավական հիմքեր չի ստեղծում։ Հետեւաբար, մանդատներն ինքնանպատակ վայր դնելը սխալ կարող է լինել»։
Էլինար Վարդանյանի խոսքով՝ ընդդիմության օրակարգը եղել եւ շարունակում է մնալ մեկը. «Այսօրվա իշխանությունը, որը ՀՀ անվտանգությունն ու մնացած ոլորտներում քաղաքականությունը տապալել է, չի կարող շարունակել նույն տեմպով երկիրը տանել փլուզման։ Եթե ուզում ենք օրհասական հարցերը լուծել, օր առաջ պետք է ազատվենք այսօրվա իշխանությունից։ Այս պահին չեմ կարող փակագծեր բացել, թե ընդդիմությունն ինչ է անելու, բայց կարող եմ վստահեցնել, որ ընդդիմությունը մշակում է ծրագրեր եւ քայլերի հաջորդականություն, որի արդյունքում, գուցե բարձր է հնչում, բայց Հայաստանը պետք է փրկվի»։
Հետաքրքրվեցինք՝ ինչու՞ պատերազմից մեկ տարի անց հանրության մեծ մասն այդպես էլ չահամախմբվեց ընդդիմության եւ նրա առաջարկած՝ երկրի փրկության օրակարգի շուրջ։ Էլինար Վարդանյանը նշեց. «Հանրության մոտ խորը ապատիա է... հանրությունը չի հավատում քաղաքական ուժերից որեւէ մեկին։ Ամեն դեպքում, ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ հասարակության մի հսկա զանգված՝ մոտ 800 000 քաղաքացիներ, ընտրություններին չմասնակցեցին եւ դրանով ցույց տվեցին իրենց վերաբերմունքն առհասարակ քաղաքական գործընթացների հանդեպ։ Գուցե հենց այդ 800 000 քաղաքացիների հետ մենք ճիշտ պետք է աշխատեինք, որի արդյունքում հնարավոր կլիներ փրկել Հայաստանը։ Այսօրվա մեր կարեւոր քայլերից պետք է լինի այդ ընտրազանգվածի հետ երկխոսելը։ Որքան էլ իշխանությունն իր ստացած 680 000 քվեով այսօր փորձի լռեցնել բոլոր ձայները, 800 000 մարդ կողմնակից չէ իշխանությանը։ Այո, հիմնական քայլը պետք է լինի այդ ընտրազանգվածի հետ երկխոսությունը»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը